11
10, 2010

Պաշտոնական ընթրիք` ի պատիվ Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի

album picture
album picture
album picture
Այսօր Հանրապետության ղեկավարի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

Սլովենիայի Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին Հայաստանի եւ Սլովենիայի նախագահների ու նրանց տիկնանց հետ, մասնակցել են նաեւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հասարակական, քաղաքական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Ողջունելով Դանիլո Թյիրկին եւ նրա տիկնոջը Հայաստանի Հանրապետությունում` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Սլովենիայի Հանրապետության Նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն վկայում է երկու երկրների երկկողմ համագործակցությունը զարգացնելու և նոր մակարդակ տեղափոխելու երկուստեք անկեղծ շահագրգռվածության մասին:

Խոսելով Հայաստանի եւ Սլովենիայի բազմաթիվ ընդհանրությունների մասին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդներին առաջին հերթին միացնում է նույնանման ճակատագիրը, որ ուղեկցվել է պատմական բազմապիսի վայրիվերումներով, պետականու¬թյան երկարատև կորուստներով, ինքնության պահպանման մաքառումնե¬րով և վերջապես, նորագույն պատմության աշխարհաքաղաքական միևնույն գործընթացների արդյունքում անկախության ձեռքբերումով:

Անդրադառնալով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությանը` Նախագահ Սարգսյանը նշել է. “Հայաստան-ԵՄ հարաբերություններն, իրոք, որակական փոփոխու¬թյուն են կրել և դինամիկ զարգանում են` դառնալով ավելի կանոնակարգ¬ված։ Արդեն մեկնարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցություն¬ները, աշխատանքներ են տարվում «Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Վստահ եմ, որ Սլովենիան, որպես ԵՄ անդամակցության ճանապարհն անցած երկիր, կարող է մեծապես օգտակար լինել այդ խնդիրների լուծման ճանապարհին”։

Կարեւորելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը` Հանրապետության ղեկավարն ասել է, որ տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական միջավայրը, տնտեսական շրջափակումները և շարունակվող հակամարտությունները դեռևս խոչընդոտում են մեր լիարժեք զարգացմանը: Նախագահն ուրախությամբ արձանագրել է, որ Սլովենիան կարողացավ հարեւանների հետ քաղաքակիրթ ձևով հաղթահարել այդ խոչընդոտները` այն քաջ գիտակցումով, որ հարատև պետք է ապրեն կողք-կողքի։ Սերժ Սարգսյանի խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը լավագույն միջոցն է մեկտեղելու յուրաքանչյուրի հնարավորությունները և ստեղծելու զգալի ներուժ համընդհանուր առաջընթացի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքն ավարտել է` բաժակ բարձրացնելով ի պատիվ Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Թյիրկի, ի բարօրություն Սլովենիայի Հանրապետության եւ ժողովրդի, ի փառս հայ-սլովենական համագործակցության:

Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկը շնորհակալություն է հայտնել ջերմ և սիրալիր հյուրընկալության համար եւ նշել, որ իր համար առանձանահատուկ պատիվ է եւ հաճույք`լինել Սլովենիայի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան: “Սա մեծ իրադարձություն է մեր երկկողմ հարաբերություններում և, հուսով եմ, որ այն կխթանի մեր բարեկամությունը և հիմք կհանդիսանա համագործակցության բազմաթիվ ոլորտներում նոր նվաճումների հասնելու համար”,-ասել է Նախագահ Թյիրկը:

Խոսելով Հայաստանի ու Սլովենիայի ժողովուրդների պատմական նմանությունների մասին, Նախագահ Թյիրկն ասել է. “Պատմության ընթացքում մեր երկու ժողովուրդներն անցել են դժվարին փորձությունների միջով և տառապել օտարերկրյա լծի տակ, սակայն մեզ հաջողվել է պահպանել ամուր ազգային ինքնությունը` փայփայելով մեր լեզուն ու մշակույթը”:

Սլովենիայի Նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների երկկողմ ավելի արդյունավետ համագործակցության համար առկա են բոլոր նախադրյալները ոչ միայն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, այլեւ միջազգային կազմակերպություններում խորացված երկխոսության համար:

Նախագահ Թյիրկի խոսքով, Հայաստանը գրավում է հետաքրքիր աշխարհագրական դիրք և ունի չօգտագործված տնտեսական ներուժ և այդ պատճառով, գրավիչ գործընկեր է ԵՄ-ի համար. “Որպես ԵՄ-ի անդամ, Սլովենիան ակտիվ կերպով մասնակցում է Արեւելյան գործընկերության նման նախաձեռնությունների մշակմանն ու սատարում դրանց իրականացմանը: Ակնկալում ենք, որ խորացված քաղաքական համագործակցության և ավելի բարձր մակարդակի տնտեսական ինտեգրման միջոցով, Ասոցացման պայմանագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև կարտացոլի երկու կողմերի իրական շահերը և համագործակցության կարողությունները հաջորդ փուլում: Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը խթանելու ճանապարհին, Սլովենիան միշտ պատրաստ է աջակցել իր հայ բարեկամներին”,-ընդգծել է նա:

Սլովենիայի Նախագահն իր խոսքը եզրափակել է Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված բարեմաղթանքներով:

← Վերադառնալ