09
10, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանրապետության ղեկավարը ողջունելով հյուրին` վստահություն է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի այցը մեր երկիր լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության առավել արմապնդման համար: “Մեր ժողովրդի կողմից Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը դիտարկվում է որպես դարերի ընկեր, որպես վստահելի եւ մերձավոր բարեկամ: Ուրախ եմ, որ այսօր մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում: Մենք կարեւորում ենք մեր երկրների ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները”,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը ընդգծել է “Հյուսիս-Հարավ” տրանսպորտային միջանցքի կարեւորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:

Երկուստեք կարեւորվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի եւ Իրանի ջերմ հարաբերությունների ձեւավորման գործում իրենց նպաստն ունեն երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը:

← Վերադառնալ