02
10, 2010

Նախագահ Սարգսյանի հրամանագրերով Դավիթ Տոնոյանը եւ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ՊՆ-ում նշանակվել են նոր պաշտոնների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Մեկ այլ հրամանագրով, Նախագահը գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

* * *
Կենսագրական համառոտ տվյալներ

Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997թ.` Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից:
2007 թվականից մինչ նշանակումը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետը, ունի ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
1998 թվականից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ: 2004 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ –ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
Անբասիր եւ բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», « Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի մեդալներով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
* * *
Գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին: 1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը, ՀՀ զինված ուժերում է 1997 թվականից: Գեներալ-մայորի զինվորական կոչումը նրան շնորհվել է 16.08.2001թ.: ՀՀ իրավապահ մարմիններում ծառայողական ուղին սկսել է 1982 թվականից եւ զբաղեցրել մի շարք պատասխանատու եւ ղեկավար պաշտոններ` ինչպես ՀՀ ՆԳ նախարարությունում, այնպես էլ` դատախազությունում: 1997թ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնները, 28.06.2010 թվականից մինչ նշանակումը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը:
1989թ. գեներալ-մայոր Վ. Գասպարյանը մասնակցել է ազգային ազատագրական պայքարին, ՀՀ հյուսիսային սահմանների պաշտպանության մարտերում` կոորդինացրել ներքին զորքերի կողմից իրականացվող մի շարք մարտական գործողություններ: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

← Վերադառնալ