15
09, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող տարերային աղետների հետեւանքների վերացման “Արմենիա-2010” դաշտային վարժանքին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն առաջիկայում ավարտող պարոն Սիմոնսին` ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության զարգացման գործում անձնական ներդրման, երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցության կարեւորությունը եւ նշել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2009թ. փուլը դրական է գնահատվել նաեւ բարեփոխումների տեսանկյունից: Նախագահը գոհունակությամբ է խոսել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին եւ ասել, որ “Արմենիա-2010” դաշտային վարժանքի հաջող անցկացումը արդյունավետ համագործակցության լավ օրինակներից է: Ըստ Հանրապետության ղեկավարի, նման վարժանքները սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար չափազանց կարեւոր եւ արդիական են: “Կարծում եմ, “Արմենիա-2010” վարժանքը մեծ օգտակարություն կունենա ճգնաժամերի արձագանքման մեխանիզմների գործնական կիրառման, արտակարգ իրավիճակներում համագործակցության բարելավման գործում”,-նշել է Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Սիմոնսի խոսքով` Հայաստանում անցկացվող դաշտային վարժանքը շատ լավ է կազմակերպված, ինչը, նրա հավաստմամբ, երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունք է:

“Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորումը մեր համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն է: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում դրան, ինչի վկայությունն այս վարժանքն է: Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մյուս շրջափուլի ժամանակ, կարծում եմ, կշարունակենք այս կարգի միջոցառումներ իրականացնել: Ցանկանում եմ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր խաղաղապահ գործողություններին օժանդակելու համար եւ այդ կապակցությամբ, շատ կարեւոր կլիներ Ձեզ տեսնել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ կարեւոր որոշումներ են կայացվելու հետագայի վերաբերյալ”,-ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

← Վերադառնալ