08
09, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է “Կանադա-Հայաստան” պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի “Կանադա-Հայաստան” պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է խմբի այցը Հայաստան եւ նշել, որ Հայաստանը եւ Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում, ինչն ամուր հիմք է համագործակցության առկա հնարավորությունները լիարժեք իրացնելու համար: Նախագահն այդ առումով կարեւորել է նաեւ միջխորհրդարանական շփումների աշխուժացումը:

“Կանադան մեզ համար կարեւորվում է որպես հզոր տնտեսություն եւ ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Նաեւ` որպես երկիր, որտեղ շատ բարյացակամ են վերաբերվել մեր հայրենակիցներին, եւ որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց երկրորդ հայրենիքը, դրսեւորվել` դրանով իսկ ծառայելով ե'ւ Կանադային, ե'ւ Հայաստանին”,- նշել է Նախագահ Սարգսյանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը Կանադայի դաշնային եւ օրենսդիր իշխանությունների մակարդակով 2006թ. ճանաչելու որոշումը.“Մենք շնորհակալ ենք Կանադայի խորհրդարանին եւ կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած դիրքորոշման համար: Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ Կանադան այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանը եւ կառավարությունը այս հարցի վերաբերյալ միակարծիք են”-ասել է Հանրապետության ղեկավարը:

“Կանադա-Հայաստան” պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը վերահաստատել է հայ-կանադական սերտ հարաբերությունների եւ ակտիվ համագործակցության մասին Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը եւ ընդգծել, որ, անշուշտ, այդ մեծ բարեկամության վկայությունն է նաեւ Կանադայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Հայերը, պարոն Ալբրեխթի հավաստմամբ, զգալի ներդրում ունեն Կանադայի տնտեսության, քաղաքականության, մշակույթի եւ այլ բնագավառների զարգացման գործում:

Կանադացի խորհրդարանականը տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատգամավորական խումբն աշխատանք է իրականացնում ոչ միայն խորհրդարանում, այլեւ ամբողջ երկրում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը եւ ջանում է հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է բոլոր ոլորտներում հայ-կանադական համագործակցությունն ավելի ակտիվացնելու, Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումները խրախուսելու անհրաժեշտությունը, որը, զրուցակիցների հավաստմամբ, կբերի նաեւ տնտեսվարման նոր մշակույթ: Կարեւորվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում կանադական փորձի կիրառումը, նաեւ` կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

← Վերադառնալ