31
08, 2010

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին...

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի “Կենգուրու” մրցույթի հաղթողներին:

Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած աշակերտներին եւ արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ եւ կյանքում: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

“Հաճույքով ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Ինչպես նախկինում խոստացել էի, մենք պարբերաբար Նախագահի նստավայր ենք հրավիրում բոլոր այն երեխաներին, երիտասարդներին` պատանիներին ու աղջիկներին, ովքեր լավագույն հատկանիշներով առանձնացել են իրենց հասակակիցներից: Հրավիրում ենք շնորհակալություն ասելու, հրավիրում ենք մեծարելու: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ձեր հաջողության առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետեւ գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաեւ հանուն հայրենիքի, հասարակության: Դուք մեր հպարտությունն եք, եւ առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն եւ լավ հասարակություն: Գոնե այնպիսի պետություն եւ հասարակություն, ինչպիսին մենք ցանկանում ենք ունենալ:

Ես շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեդալակիրներին: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է կյանքում, եւ ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն անպայման տրամադրված է զարգացնելու այդ հաջողությունը: Վստահ եմ, որ դուք, ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի համառորեն եք շարունակելու գիտելիքի ոլորտում ձեր առաջընթացը: Դուք հասուն կյանք եք մտնում գիտելիքի լուրջ պաշարով, ինչն, իհարկե, մեծ առավելություն է, եւ կարծում եմ, որ տրամադրված պետք է լինեք ձեր նկատմամբ առանձնակի վերաբերմունքի` ոչ միայն հարգանքի, ոչ միայն սիրո, այլ նաեւ ավելի մեծ պահանջներ ներկայացնելու, որովհետեւ ձեր նկատմամբ պետք է այդպիսի պահանջներ ներկայացվեն: Ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում, եւ դուք դրանից չպետք է նեղսրտեք, այլ պետք է ընդունեք դա որպես իրողություն: Կարծում եմ` այս պարագայում հաջողությունն անկասկած ձեր կողմնակիցն է լինելու:

Ես շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր միջազգային օլիմպիադաներում կարողացել են Հայաստանի վարկը բարձր պահել: Միջազգային բոլոր մրցություններում, ստուգատեսներում, իհարկե, շատ դժվար է միեւնույն ժամանակ պատվաբեր հաջողություն ունենալ, հաղթել, դառնալ մրցանակակիր: Մեր պարագայում, դա կրկնակի գնահատելի է, որովհետեւ մենք ե'ւ բնակչության քանակով, ե'ւ այլ ռեսուրսներով, անշուշտ, ամենամեծն ու հարուստը չենք աշխարհում: Բայց սա նշանակում է, որ մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ: Եւ չնայած այն հանգամանքին, որ հանրակրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ ունենք, այդուհանդերձ, ունենք նաեւ լավ արդյունքներ:

Մենք միշտ մեծարման խոսքեր ենք ասում, եւ դա ճիշտ է, բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր մեր ժողովրդին դարձնում են ավելի ճանաչելի` մեկն իր երաժշտական տաղանդով, մյուսը` համաշխարհային գիտության մեջ մեծ ձեռքբերումներով, իսկ համաշխարհային, միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողները` նաեւ այս բնագավառում: Ակնհայտ է, որ Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը պատվով կարող է շարունակել իր նախորդների, ինչու չէ` նաեւ նախնիների մեծ գործը:

Ես ուզում եմ առանձնապես ընդգծել մեր այն փոքրիկներին, ովքեր “Կենգուրու” օլիմպիադայում են հաջողության հասել: Շատ ապրեք, բալիկնե'ր ջան, ապրեք, որ այդքան լավ երեխաներ եք, ապրեն ձեր ծնողները, փառք ձեր ուսուցիչներին: Ձեր այս առաջին հաջողությունը, կարծում եմ, ձեզ պետք է ոգեւորի: Մաղթում եմ, որ մի քանի տարի հետո դուք լինեք առարկայական օլիմպիադաների հաղթողներ, լինեք մեդալակիրներ, լինեք այնպիսի մարդիկ, ովքեր պետք է ճանապարհ հարթեն ուրիշների համար, այնպիսի մարդիկ, ովքեր շատ մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Նորից եմ կրկնում, առանց ձեզ, առանց ձեր նմանների մեր երկիրն ապագա չունի: Ես չեմ ասում, որ Հայաստանում միայն այս մի խումբ երեխաներն են, տղաներն ու աղջիկները, որ պետք է պատասխանատու լինեն մեր հայրենիքի հետագայի համար: Ո'չ, կան շատ շատերը, բայց դուք շատ շատերի մեջ առանձնացել եք գիտելիքով, իսկ սա ինչ-որ բան նշանակում է:

Ուզում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորել ձեզ, ձեր ուսուցիչներին, ծնողներին, մեր հանրությանը: Գիտելիքն ուժ է` շատ մեծ ուժ, իսկ մենք, մեր երկիրը կարիք ունի այդպիսի ուժի: Ուզում եմ, որ բոլորիդ համար շատ հստակ եւ պարզ լինի` մեր վաղվա օրը չափվելու է ձեր եւ ձեր նմանների մասնակցության աստիճանով, մեր վաղվա օրը կախված է նրանից, թե դուք ինչքանով կարող եք ձեր այսօրվա եւ հետագայում ստանալիք գիտելիքները արդյունավետ օգտագործել կյանքում: Դուք մտնում եք կյանքի մի փուլ, որտեղ արդեն իսկ ինքնուրույն ընտրություն եք կատարելու, որոշումներ եք կայացնելու: Դուք ընտրելու եք մասնագիտություն, ընտրելու եք բնակավայր, ընկերներ, իսկ այն, ինչը չեք ընտրելու` մեր հայրենիքն է, մեր արմատներն են: Ձեզ միշտ հայ են ասելու: Դուք պետք է դրանով հպարտանաք եւ արժանի լինեք այդ անվանը: Պետք է յուրաքանչյուրդ հստակորեն պատասխանի այն հարցին, թե ի՞նչ ասել է հայ, մենք որտեղի՞ց ենք գալիս, հիմա որտե՞ղ ենք եւ ո՞ւր ենք գնում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ավելի հեշտ գտնում են մարդիկ, ովքեր իրենց արմատներից, մեր հայրենիքից մշտապես ստանում են ազդակներ, իսկ ազդակ ստանալու համար մարդը պետք է տրամադրված լինի, պատրաստ լինի: Ուր էլ լինեք` միշտ հիշեք, սա' է ձեր երկիրը, սա' է ձեր հայրենիքը, եւ ձեր հայրենիքը մշտապես ձեզ հետ է: Հիշեք նաեւ, որ մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի կատարելու այդ հայրենիքի նկատմամբ: Սա չափազանց կարեւոր հանգամանք է: Ուզում եմ, որ դուք ապագայում եւս գիտակցված ընտրություն կատարեք, որ ձեր ընտրությունը միշտ ձեր սրտով լինի: Շատ պարագաներում, երբ ճիշտ ընտրություն չի կատարվում, լինում են դեպքեր, երբ այդ ընտրությունը խնդիրներ է հարուցում, երբ ընտրությունդ մերձավորներիդ սրտով չէ: Մի բանում, սակայն, համոզված եղեք, որ եթե դուք այդ ընտրությունը կատարել եք` գիտակցելով դրա ողջ լրջությունը, ապա այդ ընտրության համար պետք է նաեւ պայքարել: Ես վստահ եմ, որ դուք ունեք այդպիսի կամային հատկանիշներ, որովհետեւ առանց այդպիսի հատկանիշների հնարավոր չէ դառնալ մեդալակիր, հաղթել միջազգային օլիմպիադաներում եւ, անշուշտ, նաեւ “Կենգուրու” մրցույթում”,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը, ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին եւ բուհ ընդունված երիտասարդներին մեր երկրի ներկայի ու ապագայի, իրենց ուսումնառության հետագա ծրագրերի մասին բաց եւ անկաշկանդ զրույցի է հրավիրել`պատրաստակամություն հայտնելով պատասխանել նաեւ նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին եւ “Կենգուրու” մրցույթի հաղթողներին հանձնել է նրանց մեդալներն ու պարգեւները, նաեւ` հուշանվերներ:

← Վերադառնալ