20
08, 2010

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած պետական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայ-ռուսական հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-20-ը կայացավ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան:

Բանակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հարաբերությունների վիճակը եւ զարգացման հեռանկարաները, որի հիմքը փոխադարձ աջակցությունն է երկու պետությունների արմատական շահերը շոշափող հարցերում: Կողմերը կարծիքներ փոխանակեցին կարեւորագույն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հայ-ռուսական փոխըմբռնման, վստահության, փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնք համապատասխանում են երկու երկների ժողովուրդների արմատական շահերին, արժանացել են երկու պետությունների ղեկավարների դրական գնահատականին:
Այցին հատուկ նշանակություն հաղորդեց հանգամանքը, որ այն անցկացվել է Մեծ հայրենական պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 65-ամյակի տարում:

Այցի ընթացքում ցուցաբերվեց կողմերի նպատակամղվածությունը` հետագայում եւս զարգացնելու երկկողմ կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցությունը, համատեղ ջանքերը` ԱՊՀ եւ ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ ֆորումների, ներառյալ` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում, ի նպաստ համընդհանուր խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման: Ընդգծվեց ԱՊՀ եւ ՀԱՊԿ նախագահության շրջանում Ռուսաստանի Դաշնության ներդրումն այդ կազմակերպությունների գործունեության մեջ:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր աջակցությունը հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի մշակման եւ կնքման նախաձեռնությանը, որի հիմքում ընկած են Եվրաատլանտյան տարածաշրջանի բոլոր պետությունների համար միացյալ, հավասար եւ անքակտելի անվտանգության սկզբունքները:

Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, արդար, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա շուտափույթ լուծման գործին եւ ողջունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ ուղղությամբ կառուցողական գործունեությունը: Կրկին ընդգծվեց ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի` մեկ ամբողջություն կազմող սկզբունքների կարեւորությունը, որոնք իրենց արտացոլումն են գտել, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների համատեղ հայտարարությունում (Ալմա-Աթի, 17 հուլիսի 2010թ.): Բարձր գնահատականի արժանացավ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներդրումը` այդ խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնման գործում:

Բանակցությունների ընթացքում ընդգծվեց երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հատուկ դերը, որը կոչված է նոր ազդակ հաղորդելու հայ-ռուսական տնտեսական ներդրումային համագործակցությանը, երկու երկրների տարածաշրջանների միջեւ ուղղակի տնտեսական կապերի զարգացմանը: Ուշադրություն դարձվեց էներգետիկայի, տրանսպորտի, հաղորդակցության, լեռնամետալուրգիական եւ վերամշակման ոլորտներում, բանկային հատվածում, նորարարական տեխնոլոգիաների զարգացման գործում փոխգործակցության հետագա ընդլայնման առաջնահերթ նշանակությանը:

Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը արձանագրեցին, որ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում են որպես հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչներ, հաստատեցին հետագայում եւս դրանց առաջնահերթ ուշադրություն դարձնելու իրենց պատրաստակամությունը:

Պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին հումանիտար ոլորտում համագործակցության առաջընթաց զարգացման կապակցությամբ եւ հայտարարեցին երկու երկրների ժողովուրդների հոգեւոր եւ մշակութային մերձեցման պահպանմանը ու ամրապնդմանն աջակցելու մտադրության մասին:

Այցի ընթացքում ստորագրվեցին միջկառավարական համաձայնագրեր միջուկային էներգետիկայի ոլորտի, ռեադմիսիայի, առեւտրային ներկայացուցիչների փոխադարձ հաստատման մասին: Բացի այդ, ստորագրվեց միջպետական արձանագրություն` Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հուշագիր` Հայաստանում ռազմական տեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների ստեղծման մասին: Կողմերը պայմանավորվեցին կարճ ժամկետում ավարտել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրի քաղաքում մասնակցեցին 19-րդ դարում նահատակված ռուս զինվորների հիշատակի հավերժացնող վերականգնված «Պատվո բլուրե հուշահամալիրի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ներկա փուլը դաշնակցային փոխգործակցության, բոլոր ասպարեզներում երկու երկրների բարգավաճման շահերից բխող կապերի ինտենսիվ խորացման եւ իրենց ժողովուրդների բարօրության աճի, Կովկասում եւ ամբողջ աշխարհում ամուր խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման նոր հեռանկարներ է բացում:

← Վերադառնալ