14
07, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորոսկուն

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորոսկուն:

Նախագահը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է նորընտիր Նախագահ Կոմորովսկուն փոխանցել իր շնորհավորանքները` Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձություններն այլեւս ետեւում են, եւ երկրի կյանքը վերադարձել է բնականոն հուն:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունները խորացնելու եւ համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա: Երկուստեք կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանելու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ երեկ Երեւանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովն իր աշխատանքով եւս կնպաստի առկա ներուժի լիարժեք օգտագործմանը: Զրուցակիցներն այդ առումով կարեւորել են Վարշավա-Երեւան չվերթի գործարկումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին եւ տարածաշրջանային խնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի անկողմնակալ դիրքորոշման համար: Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին եւ սատարում է միայն խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծմանը:

← Վերադառնալ