02
07, 2010

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Յոուն-հոյը /նստավայրը` Մոսկվա/:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար լավ հիմքեր են ստեղծված, ինչը հնարավորություն է տալիս առկա երկկողմ մեծ ներուժը լիարժեք օգտագործել` ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին առեւտրաշրջանառության ծավալներով Կորեայի Հանրապետությունը դարձել է Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերներից մեկը: Հանրապետության ղեկավարի խոսքով, կորեական տեխնոլոգիաներն ու ապրանքները լավ համարում եւ պահանջարկ ունեն հայկական շուկայում, որի օրինակներից մեկն էլ վերջերս Երեւանում շահագործման հանձնված ջերմաէլեկտրակայանի նոր էներգաբլոկում կորեական տեխնոլոգիաների կիրառումն ու կորեացի մասնագետների աշխատանքն էր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կորեական շուկայում հայկական ապրանքների պատշաճ ներկայացման պարագայում, դրանք եւս մեծ պահանջարկ կունենան: Դեսպան Լի Յոուն-հոյը նշել է, թե հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության լուրջ հեռանկարներ կան` նկատի առնելով, որ ՏՏ ոլորտում Կորեան մեծ փորձ ունի. “Իմ երկրի կառավարությունում ես եղել եմ Գիտատար տնտեսության նախարար: Մենք լուրջ նշանակություն ենք տալիս գիտության զարգացմանն ու նորամուծություններին, եւ ես այժմ` իբրեւ դեսպան, կանեմ ամեն հնարավորը, որպեսզի այդ ոլորտում Հայաստանի հետ զարգանա փոխշահավետ գործակցություն”, - ասել է դեսպան Լի Յոուն-հոյը:

Նորանշանակ դեսպանը նաեւ նշել է, որ Հայաստանը եւ Կորեան ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Մասնավորապես, լինելով սակավ բնական ռեսուրսներով երկրներ, ձգտում են որակյալ մարդկային ռեսուրսի շնորհիվ զարգացնել գիտությունը եւ դրա հիման վրա` տնտեսությունը: Կորեայի դեսպանը ընդհանրություններ է տեսել նաեւ երկու ժողովուրդների` դժվարություններով ու փորձություններով լի պատմության ընթացքի մեջ: Այժմ էլ, ըստ դեսպանի, տարածաշրջանում անհանգիստ վիճակ է, եւ իր երկիրը հասկանում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված մտահոգություններն ու դժվարությունները` օժանդակելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման ջանքերին:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը` անկողմնակալ դիրքորոշման համար, որն արտահայտվում է նաեւ ՄԱԿ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի մոտեցումներով:

← Վերադառնալ