19
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում անդրադարձել է ադրբեջանական սադրանքին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Ապա Նախագահն ուղեկցվել է Վոլտերի սենյակ, որտեղ ծանոթացել է նրա անձնական գրադարանին, Հայաստանին եւ հայերին ունեցած նրա առնչություններին:

Նախագահ Սարգսյանն այնուհետեւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ այցելել է Սանկտ Պետերբուրգի համալսարան: Համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովը նախագահներ Սարգսյանին եւ Մեդվեդեւին պատմել է համալսարանի զարգացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին:

Նախագահներն այդ հանդիպումից հետո ներկա են գտնվել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման եւ համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի եւ Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին: Նախագահները եղել է նաեւ Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ:

Այնուհետեւ, համալսարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարճատեւ առանձնազրույց են ունեցել, որի ավարտին ՀՀ Նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի եւ ԼՂՀ ՊԲ շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին սադրանքին:

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է.“Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել են եւ զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել եւ փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր: Պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, չեն իրականացվել, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքերը: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաեւ մենք, եւ ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին:Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաեւ Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը:
Սադրանքները միշտ էլ անընդունելի են, բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետեւ այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն:Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետեւանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաեւ համանախագահների նկատմամբ:

Մենք շատ գիտակցված ենք գնում բանակցությունների, եւ մեր նպատակը շատ հստակ է: Մենք մեր նպատակից երբեւէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Սա է մեր նպատակը, եւ այն վերաիմաստավորելու կարիք ես չեմ տեսնում”,-ասել է ՀՀ Նախագահը:

Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանն այցելել է Սուրբ Կատարինա եղեկեցի, Մարինյան համերգասրահում ներկա գտնվել հայ համայնքի հիմնադրման 300-ամյակին նվիրված համերգին, ապա մասնակցել Տավրիկյան պալատում նույն առիթով կազմակերպված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սարգսյանը մեդալներ է հանձնել հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների` հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:



***


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հայ համայնքի 300-ամյակին նվիրված ընդունելությանը


Հարգելի բարեկամներ,

Այսօր մենք այստեղ ենք` նշելու Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հիմնադրման 300-րդ տարեդարձը: Առաջին հերթին` ուզում եմ ձեզ շնորհավորել այս նշանակալի օրվա կապակցությամբ:

Սանկտ Պետերբուրգն առանձնահատուկ` ռուսական մշակույթի ու պատմության մեծությունը մարմնավորող քաղաք է: Պատահական չէր, որ Պյոտր Առաջինը նոր մայրաքաղաքը հիմնեց հենց այստեղ` Բալթիկ ծովի ափին:Նա պատուհան բացեց դեպի Եվրոպա, եւ նոր մայրաքաղաքը եղավ քաղաքակիրթ ընտրության հռչակումն ու ապացույցը: Նեւայի ափին հանգրվանած այս քաղաքը եվրոպական ճարտարապետության մարգարիտն է: Նա դարձավ եւս մեկ ապացույցն այն բանի, որ եվրոպական մշակույթը դժվար է պատկերացնել առանց ռուսական բաղադրիչի, իսկ Ռուսաստանն անհնար է սահմանազատել համաեվրոպական համատեքստում:

Այս օրերին ես այստեղ եմ գտնվում` նաեւ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին, որն անցկացվում է ՌԴ նախագահի հովանու ներքո:Կարծում եմ` Սանկտ Պետերբուրգը բնավ էլ պատահաբար չի դարձել այս կարեւոր ամենամյա միջոցառման անցկացման վայրը:Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պյոտրովյան ավանդույթները: Աշխարհի բոլոր կողմերից այստեղ են գալիս քաղաքական եւ գործարար շրջանակների, հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ, որպեսզի քննարկեն արդի ժամանակների հրատապ խնդիրները: Սա ոչ միայն պատուհան է դեպի Եվրոպա, այլեւ բաց եւ անկեղծ երկխոսության հարթակ է ամբողջ աշխարհի համար:

Իր գոյության առաջին իսկ օրերից` Ռուսական կայսրության նոր մայրաքաղաքը դեպի իրեն է ձգել ակտիվ եւ գործունյա մարդկանց ամբողջ Եվրոպայից: Այդ նոր հնարավորություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները:Հենց այս քաղաքում հայ ձեռներեցներ Իսախանյան եղբայրները 1758թ. հիմնեցին ռուսական առաջին բաժնետիրական ընկերություններից մեկը, որը, պատկերացրեք, զբաղվում էր Իրանի հետ առեւտրային հարաբերությունների հաստատմամբ:

Իսկ այնտեղ, որտեղ հայտնվում է անգամ ամենափոքր հայկական համայնքը, սկսում են հիմնադրվել մշակույթի եւ կրթության օջախներ:Եւ արդեն 1770թ. Սանկտ Պետերբուրգի վեհաշուք Նեւսկի պողոտայի վրա հիմնվում է հայկական Սուրբ Կատարինա եկեղեցին: 18-րդ դարավերջին այստեղ արդեն գործում էին երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական տպագրատուն: Եւ զարմանալի չէ, որ այդ տպագրատանը լույս տեսած առաջին գիրքը եղել է հայերեն “Այբբենարանը”` լուսավորության եւ գրագիտության խորհրդանիշը: Ես այսօր այդ մասին էի խորհում, երբ Սանկտ Պետերբուրգի հայկական դպրոցին էի հանձնում գրքեր եւ ուսումնական նյութեր, այդ թվում եւ` առաջին հայերեն էլեկտրոնային այբբենարանը:

19-րդ դարում հայ բնակչության աճին զուգահեռ` Սանկտ Պետերբուրգը դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Այստեղ հրատարակվում էր պարբերական մամուլ, ստեղծվում էին թատերական խմբեր: Սանկտ Պետերբուրգի համալսարանում գործում էր հայոց լեզվի ամբիոն, որը դարձել է աշխարհում ամենահայտնի հայագիտական դպրոցներից մեկը: Այնտեղ դասավանդել են արվեստի եւ գիտության այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Նիկողայոս Մառը եւ Հովսեփ Օրբելին: Վերջինս հետագայում ղեկավարել է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը` Էրմիտաժը: Այսօր նրա գործը շարունակում է մեր մեկ այլ հայրենակից` ծնունդով Երեւանից Միխայիլ Պիատրովսկին:

Սանկտ Պետերբուրգի բուհերում կրթվել են հազարավոր հայ ուսանողներ, որոնց թվում` այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ կենսաբան Արմեն Թախտաջյանը:

Բոլորովին վերջերս մենք նշեցինք ֆաշիզմի դեմ պայքարում մեր ընդհանուր հաղթանակի 65-ամյակը: Այն, ինչ կրել է Լենինգրադը 1941-44թթ. հնարավոր չէ հիշել առանց սարսռալու: Հազարավոր հայ մարտիկներ են մասնակցել Լենինգրադի ճակատամարտին եւ այստեղ տվել իրենց կյանքը հանուն լավ ապագայի: Մեր հայրենակիցը` ծովակալ Իվան Իսակովը վարել է Բալթյան նավատորմի հրամանատարությունը:

Քաղաքը կրել է անասելի զրկանքներ եւ ֆաշիզմի դեմ անհավասար պայքարում ցուցաբերել ծայրահեղ արիություն: Դաժան շրջափակումը հանգեցրեց քաղաքացիական բնակչության մեծաթիվ զոհերի, բայց Լենինգրադը չհանձնվեց թշնամուն եւ տոկունորեն կրեց այդ ծանր զրկանքները: Բացի այդ, նա բոլոր այդ սարսափների միջով անցնելով` կարողացավ հոգ տանել հոգեւոր ժառանգության մասին, պահպանել ճարտարապետության եւ արվեստի անգին հուշարձաններն ու գլուխգործոցները:Բայց, որ ամենակարեւորն է, պահպանեց մարդկային շփման պիտերյան առանձնահատուկ մշակույթը:

Մենք լսելով չէ, որ գիտենք, թե ինչ է նշանակում ապրել շրջափակման մեջ: Չնայած հրադադարին, որ հաստատվել է Ղարաբաղի ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում, Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ: Հակառակ դրան, շնորհիվ մեր ժողովրդի աշխատասիրության եւ մեր բարեկամների ու դաշնակիցների անգնահատելի աջակցության, մեզ հաջողվեց կայունացնել Հայաստանի տնտեսությունը եւ ապահովել տնտեսակա աճ: Սակայն, շրջափակումը շարունակվում է, եւ 21-րդ դարում մեր երեխաները շարունակում են ապրել եւ մեծանալ բաժանարար գծերի եւ ականապատված դաշտերի միջավայրում:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայ ժողովուրդը հիշում է իր պատմությունը եւ հպարտանում է նրանով: Հայկական սփյուռքի ձեւավորումը, համայնքների սփռվելն ամբողջ աշխարհով` հայ ժողովրդի կամավոր ընտրությունը չէր, այլ մեր պատմության ողբերգական էջերի հետեւանքը:

Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին եւ, մասնավորապես, Նեւայի ափին գտնվող այս մեծ քաղաքին` տեղի հայերին իրենց նոր փոքր հայրենիքի կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Եւ ես վստահ եմ, որ հայերն այստեղ նաեւ այսօր են իրենց արժանավոր ներդրումը կատարում պետերբուրգյան լավագույն ավանդույթների զարգացման գործում: Եւ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել.

Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների բարեկամությամբ:

Մենք հավատարիմ ենք մեր նախնիների պատգամներին:

Այսօր, այստեղ մենք միասին պետք է իմաստավորենք այս խոսքերը, որոնց լավագույն մարմնավորումը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը:

← Վերադառնալ