19
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին եւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին:

Ողջունելով ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում: Տեղյակ եմ, որ կառավարության եւ կենտրոնական բանկի հետ արդյունավետ ու բովանդակալից քննարկումներ եք ունեցել: Գիտեմ, որ քննարկումներն արդեն ավարտվել են, եւ Ձեր առաքելության հետ մեր կառավարությունը համաձայնության է եկել կոնկրետ պայմանավորվածությունների վրա հենվող ծրագրի շուրջ: Կարծում եմ` 2010թվականը բավականին աշխույժ տարի է լինելու Հայաստանում տնտեսական վերականգնման առումով, ամեն դեպքում առաջին չորս ամիսների տվյալները դա են վկայում: Միեւնույն ժամանակ` այս տարի մենք պետք է կարողանանք առավել ակտիվ աշխատել բարեփոխումների շարունակման ուղղությամբ":

Մարկ Լյուիսը Հանրապետության ղեկավարին տեղեկացրել է ԱՄՀ կողմից ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես` աշխատակազմի մակարդակով ԱՄՀ "Երկարաձգվող ֆինանսավորման" եւ "Երկարաձգվող վարկավորման" եռամյա ծրագրի մասին:

Հանդիպման ընթացքում Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը եւ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները: "Թեեւ տնտեսական պայմանները դեռեւս լավը չեն, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Հայաստանի ֆինանսական հատվածն ամուր է, պետական ֆինանսները լավ են կառավարվում, իսկ արտաքին փոխանցումների ծավալը վերականգնվում է", - ասել է Մարկ Լյուիսը:

Կողմերը քննության են առել նաեւ գնաճի կառավարման, գործարար միջավայրի բարելավման եւ աղքատության հաղթահարման հետ կապված հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ծրագրի շրջանակում նախատեսվող ֆինանսական աջակցության չափաքանակները, ԱՄՀ Խորհրդի կողմից ծրագրի հաստատումից հետո դրանց օգտագործման հնարավորությունները:

← Վերադառնալ