18
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Մայիսի 17-ին Հայաստանի ու Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-բելառուսական գիտական կապերը լուրջ պատմություն ունեն. "Գիտական ոլորտում մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների դեռեւս խորհրդային տարիներին հաջող համագործակցության մասին հիշում ենք բոլորս: ԽՍՀՄ փլուզումից հետո, ցավոք, այդ կապերը խզվեցին, սակայն հուսով եմ, որ այժմ մենք համագործակցության նոր սկիզբ ենք նախանշում",-ընդգծել է երկրի ղեկավարը:

Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահը Մյասնիկովիչը նշել է, որ իր երկրում Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա: "Մեր ժողովուրդների միջեւ նաեւ ընդհանրություններ կան` մենք ամեն ինչ ստեղծում ենք սեփական ինտելեկտով, սեփական ուժերով ու համառ աշխատանքի շնորհիվ",-շեշտել է բելառուս գիտնականը:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում գիտության զարգացման հեռանկարների մասին: Հայաստանի ու Բելառուսի ԳԱԱ ղեկավարները նշել են, որ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների գիտական շրջանակների համար փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

← Վերադառնալ