Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական` 11-րդ նիստը:
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, համառոտ անդրադարձել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության անընդմեջ բարձրացման խնդիրը եղել եւ մնում է Հայաստանի կառավարության հիմնական առաջնահերթություններից: "Ես ծանոթացել եմ միջուկային անվտանգությունը վերահսկող կառույցի եւ ատոմակայանի ղեկավարության պատրաստած նյութերին եւ, կարծում եմ, որ քիչ բան չէ արված: Իհարկե, ցանկալի է, որ անվտանգության ապահովման բոլոր մակարդակներում նախատեսված միջոցառումներն ավարտվեն համաժամանակյա: Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ: Մենք անկեղծորեն շահագրգիռ ենք հնարավորինս շուտ կատարելու նախանշված բոլոր առաջադրանքները",-ասել է Նախագահը:
ՀՀ Նախագահը նշել է, որ թեեւ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն առաջնահերթ կարեւորություն ունի, սակայն Հայաստանի կառավարությունը պակաս չի կարեւորում նաեւ էներգաբլոկի դուրսբերումը շահագործումից: Սերժ Սարգսյանն ասել է, որ արդեն սկսվել են դրա նախապատրաստական աշխատանքները, եւ մշակվել է համապատասխան պլան, որն իր հերթին ընդգրկված է Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հաստատված գործողությունների պլանում: ՀՀ Նախագահի խոսքով, ակնկալվում է այդ միջոցառումներն իրականացնել` այդ գործընթացը շաղկապելով նոր էներգաբլոկը շահագործման հանձնելու հետ:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Վաշինգտոնում կայացած գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի քննարկումների առարկա դարձած առանցքային խնդիրներին, մասնավորապես` ռադիոակտիվ թափոնների վերահսկման խնդրին:
Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ շուկաներում խորացնելու եւ տարածաշրջանային էներգետիկ նախագծերում մասնակցության հարցերի մասին:
ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդին` ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու գործում մեծ ներդրման համար: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Խորհրդի կազմում կատարված փոփոխություններին` տեղեկացնելով, որ այն համալրվել է երկու նոր անդամներով:
ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը նշել է, որ տպավորված է անցած մեկ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում կատարված աշխատանքներով եւ դոնոր կազմակերպությունների հետ ատոմակայանի ղեկավարության համագործակցության բարձր մակարդակով:
Այնուհետեւ, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել ատոմակայանի գործունեության մասին զեկույցով, ապա հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը: Զեկույցներին հաջորդել է ներկայացված խնդիրների շուրջ քննարկում: