08
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սափարլիեւին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սափարլիեւին, ով Հայաստանում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական կապերը եւ ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: ՀՀ Նախագահը կարեւորել է հանգամանքը, որ պարոն Սափարլիեւը նախկինում եղել է Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում: Սերժ Սարգսյանի խոսքով` գործընկեր երկրի ճանաչողությունը լրացուցիչ դրական գործոն է հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու առումով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ հենվելով հայ-թուրքմենական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա, կարվի անհրաժեշտը` զարգացնելու երկկողմ համագործակցությունը:

Թուրքմենստանի փոխվարչապետը ՀՀ Նախագահին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ողջույնները: Փոխվարչապետ Սափարլիեւը միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքը գնահատել է արդյունավետ եւ ասել, որ հստակեցվել են տնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, հումանիտար փոխգործակցության կոնկրետ ուղղությունները:

Զրուցակիցները հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում կարեւորել են նաեւ երկու երկրների նախագահների միջեւ ձեւավորված փոխվստահելի հարաբերությունները: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ չկան քաղաքական տարաձայնություններ, ինչը լավ հիմք է փոխշահավետ հարաբերություններ ձեւավորելու եւ ակտիվ գործակցություն ծավալելու համար:

ՀՀ Նախագահը փոխվարչապետի միջոցով ողջույններ եւ Հայաստան այցելելու հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահին:

← Վերադառնալ