06
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանձնակատարի առաջին այցը Հայաստան եւ նշել, որ այն շատ լավ հնարավորություն է նախ` ծանոթանալու մեր երկրին, ապա քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: “Եվրոպական ուղղությունը մեր արտաքին քաղաքականության ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն է, եւ մենք շահագրգռված ենք համագործակցության խորացմամբ”,-ընդգծել է երկրի ղեկավարը:

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հերթին նշել է, որ բավականին մոտ է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրային նոր հարաբերությունների ձեւավորման նպատակակետը, ինչը ենթադրում է համագործակցության ավելի բարձր աստիճան:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Արեւելյան գործընկերության մեկնարկով Հայաստան-ԵՄ համագործակցությունը որակական նոր մակարդակի վրա է դրվել, եւ հարաբերությունները ներկայումս վերընթաց զարգացում են ապրում: Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը:

Կողմերը ԵՄ-Հայաստան հարաբերություններում առանձնացրել են երեք հանգուցային կետեր. քաղաքական առումով` Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախատեսվող մեկնարկը, տնտեսական առումով` համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, եւ երրորդ կարեւոր խնդիրը` Հայաստանից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու հնարավորությունը: Զրուցակիցները շահագրգիռ քննարկում են ունեցել այս խնդիրների վերաբերյալ:

Կողմերը համակարծիք են եղել, որ Եվրոպան ու Հայաստանը կապող հիմնական օղակը արժեքային համակարգերի ընդհանրությունն է եւ այդ ընդհանրությունը նոր արդյունքների շարժիչ դարձնելու համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ ու լիարժեք օգտագործել ընձեռված հնարավորությունները: “Ի դեմս մեզ` դուք գործ ունեք պատրաստակամ օժանդակողների հետ”,- ընդգծել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը:

Հանրապետության Նախագահը եւ ԵՄ բարձրաստիճան պատվիրակները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հանձնակատար Ֆյուլեն վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ բարձր է գնահատել Հայաստանի Նախագահի այդ ուղղությամբ ցուցաբերած վճռականությունն ու ջանքերը:

← Վերադառնալ