01
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։

Ողջունելով Սփյուռքի մեր հայրենակիցներին` Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ նրանք ամեն անգամ ավելի ու ավելի մեծ կազմով են այցելում Հայաստան:

"Ինչքան դուք ավելի ակտիվ լինեք, դրանից մենք միայն ու միայն ուրախ կլինենք",- ասել է երկրի ղեկավարը` պատրաստակամություն հայտնելով աջակցել ու սատարել նրանց նախաձեռնություններին ու ծրագրերին:

ՀՀ Նախագահը հայտնի բարերար, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանին եւ նրա տիկնոջը հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

Անվանի բարերարը հուզմունքով նշել է, որ Հայաստանի անկախությունը իր համար երազի նման մի բան է, եւ ոգեւորված է հայրենիք այցելությունից:

Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երեւանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի` Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ասել է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքի կազմակերպություններն աստիճանաբար պետք է դառնան հայաստանակենտրոն: "Որտեղ էլ, որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է",-ընդգծել է նա:

Հանրապետության Նախագահը եւ ՀԲԸՄ ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի ներուժի պահպանման, մայր հայրենիքի ուժեղացման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության խնդիրների մասին:

Նշելով, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, Բարեգործականի անդամներն ասել են, որ Միությունը շարունակելու է իր աջակցությունը եւ զորավիգ է լինելու Նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին:

← Վերադառնալ