24
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո երկրորդ անգամ հանդիպել է Խորհրդի անդամների հետ` քննարկելու գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում Խորհրդի արձանագրած խնդիրներն ու առաջարկելիք լուծումները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ժամանակամիջոցում մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ Խորհրդի հանձնաժողովներում մեծ աշխատանք է կատարվում տարբեր թեմաների շուրջ` սկսած հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ հեռուսատաեթերի որակի բարելավում: "Էականն այն է, որ այս հարցերը լայն քննարկում են անցնում, մշակվում են, եւ դրանց նախապատրաստումից մինչեւ քննարկում ունենում ենք մի լավ շղթա: Շատ եմ կարեւորում հանգամանքը, որ Հանրային խորհուրդը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլեւ` առաջարկում լուծումներ: Սա էական է, քանի որ շատ-շատերն են տեսնում մեր հասարակության մեջ առկա խնդիրները, բայց դրանք տեսնելը մի խնդիր է, լուծում առաջարկելը` բոլորովին այլ",- ասել է Սերժ Սարգսյանը:

Որպես գյուղատնտեսությունում առկա առաջնահերթ խնդիր խոսվել է տարեցտարի ավելացող չմշակվող հողատարածքների մասին, ինչը, բանախոսների համոզմամբ, վտանգում է տնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարը: Խորհրդի աշխատանքային խումբը երկրի ղեկավարին է ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման մասին առաջարկ եւ դրա հիմնավորումները` ելնելով իր ուսումնասիրության արդյունքներից: Խոսվել է այն մասին, որ կամավորության սկզբունքով կոոպերացիան զարգացնելու միջոցով կլուծվի ոչ միայն արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու, այլեւ գյուղաբնակներին իրենց հողի վրա պահելու եւ գյուղը որպես այդպիսին չկորցնելու խնդիրները:

Երկրի ղեկավարն ասել է, որ այս խնդիրը պետք է դիտարկել բազմիցս կարեւորված տարածքների համաչափ զարգացման ռազմավարության համատեքստում, ինչը նշանակում է, որ գյուղական բնակավայրերը պետք է հնարավորություններ ստանան իրացնելու իրենց ներուժը, տվյալ դեպքում` նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Նախագահ Սարգսյանի խոսքով` պետությունը շահագրգիռ է նաեւ այսպիսի քննարկումների միջոցով հստակեցնելու իր անելիքները, շտկումներ մտցնելու արդեն կատարվող աշխատանքներում, որպեսզի կարողանա հնարավորինս այնպիսի պայմաններ ստեղծել գյուղացու համար, որ հող մշակելը նրան անպտուղ աշխատանք չթվա:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ինտերնետի սակագների եւ որակի խնդրին, ինչը, Հանրային խորհրդի անդամների համոզմամբ, չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու բնակչության համար ինտերնետի մատչելության ընդլայնմանը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ կապի որակի բարելավման եւ հասարակության համակարգչայնացման աստիճանի բարձրացման գործում դանդաղելը կարող է Հայաստանին հետ նետել աշխարհի զարգացումներից եւ նվազեցնել երկրի առաջընթացի հնարավորությունները, ուստի պետք է անել ամեն ինչ, այս խնդիրին արագ եւ հիմնավոր լուծումներ տալու համար:

Նախագահն առաջարկել է քննարկված հարցերի շուրջ հնչած տեսակետները դասակարգված ի մի բերել եւ, կառավարության հետ սերտորեն համագործակցելով, անցնել հաջորդ փուլ` մշակել կոնկրետ միջոցառումներ: Սերժ Սարգսյանն ընդսմին նշել է, որ չպետք է մոռանալ, որ Հանրային խորհրդի անդամները երկրի զարգացման գործին կամավոր են մասնակցում` ելնելով իրենց սրտացավությունից, իսկ պետական պաշտոնյաների դեպքում դա նաեւ պարտականություն է, ուստի, նրանք պարտավոր են մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել քննարկված խնդիրների շրջանակում նախանշված անելիքներին:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդի անդամներին եւ հաջողություն մաղթել նրանց հետագա աշխատանքներում:

← Վերադառնալ