28
01, 2010

Նախագահ Սարգսյանը Հայկական բանակի օրվա առթիվ պարգեւատրել է մի խումբ զինծառայողների

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում:

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով պարգեւատրվածներին Հայկական բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության կառավարական պարգեւների ու բարձրագույն զինվորական կոչումների արժանանալու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. "Այս պարգեւներով մեր երկիրն ու ժողովուրդը իր գնահատականն ու վերաբերմունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն` ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվիրական գործին:

Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր արձանագրած հաջողությունների համար, իսկ ձեր հաջողություններով մեր երկիրը դառնում է ավելի ամուր թե՛ առարկայորեն, թե՛ հոգեբանորեն, թե՛ քաղաքականապես:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու բնականոն աշխատանք եւ իհարկե, Հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացում, ինչը կախված է նաեւ ձեր ամենօրյա աշխատանքի որակից ու ծավալից":

← Վերադառնալ