26
12, 2009

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել ԶԼՄ-երի ներկայացուցիչներ

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ:

Հանրապետության նախագահը շնորհավորելով լրագրողներին` ասել է. "Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով եւ հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են մեր հասարակության համար, քանզի այդ իրադարձությունների մասին մեր ժողովուրդն առաջին հերթին տեղեկանում է հենց ձեզնից: Այսպիսով` նաեւ դուք եք գրում մեր պետության տարեգրությունը: Իմ ցանկությունն է ու մաղթանքը, որ այդ տարեգրությունը լինի հնարավորինս անաչառ եւ ամբողջական: Պատկերացրեք ապագա պատմաբանի վիճակը, որ փորձելու է նաեւ այսօրվա մամուլի էջերը թերթելով` պատկերացում կազմել մեր այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների եւ առկա մթնոլորտի մասին: Խոստովանենք` միշտ չէ, որ նա կունենա լիարժեք պատկերացում, միշտ չէ, որ հրապարակումները կկարողանան ծառայել որպես հավաստի սկզբնաղբյուր կամ չեն բերի կողմնակալ եզրակացությունների:

Մենք գնահատում ենք ձեր բարդ, երբեմն նաեւ քաղաքացիական խիզախություն պահանջող աշխատանքը: Համոզված եղեք, որ մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ ցանկացած, նորից եմ կրկնում, անշահախնդիր եւ սրտացավ հրապարակում արժանանում ու արժանանալու է համապատասխան ուշադրության, եւ դուք ձեր հրապարակումներով, ահազանգերով, բարձրաձայնած խնդիրներով օգնում եք իշխանությանը` զերծ մնալու սխալներից, ժամանակին կանխելու դրանք եւ չկորցնելու զգոնությունը:

Մաղթում եմ, որ նոր տարում դուք մեր երկրի ու ժողովրդի մասին մեծաքանակ ուրախալի լուրեր հաղորդելու առիթներ ունենաք: Երբ աշխարհի որեւէ անկյունում դժբախտություն է պատահում, այդ մասին խոսում են բոլորը: Որքան մեծ է դժբախտությունն, այնքան մեծ են արձագանքն ու լսարանը: Ցանկանում եմ, որ 2010 թվականին մեծ լսարան ու արձագանք ապահովեն բացառիկ հաջողությունների մասին լուրերը, գիտական հայտնագործությունները, մարզական մեծ նվաճումները եւ այն ամենն, ինչը երջանիկ պահեր է նվիրում մարդկանց:

Մաղթում եմ, որ նոր տարում նաեւ ձեր եռանդուն ջանքերի շնորհիվ ունենանք քաղաքական ազատությունների, ժողովրդավարության եւ հանդուրժողականության այնպիսի մակարդակ, որ մեր լրագրողներից ու քաղաքացիներից մեծ համարձակություն չպահանջվի անկեղծ խոսք ասելու, որեւէ տեսակետ հնչեցնելու կամ լրագրողական հետաքննություն վարելու համար:

Կարծում եմ, որ 2009 թվականը արդյունավետ էր մեր լրատվական ողջ դաշտի համար: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, ովքեր տարվա ընթացքում լուսաբանել են Հանրապետության Նախագահի եւ Նախագահի աշխատակազմի գործունեությունը: Հանրագումարի բերելով տարվա ընթացքում արածը` ամբողջության մեջ հեշտ է նկատել, թե որքան ջանք ու ժամանակ է պահանջվել յուրաքանչյուրիցդ եւ ձեր գործընկերներից այդ ամենի համար:

Համոզված եմ, որ համագործակցելով, նաեւ հակադիր տեսակետները մատնացույց անելով` մենք առաջ ենք տանելու մեր երկիրն ու հասարակությունը եւ եկող` 2010 թվականը դառնալու է այդ առաջընթացի խոսուն վկան:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ` Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2010թվականին լինեք ակտիվ, անաչառ եւ սկզբունքային:

Շնորհավոր Նոր տարի”:

← Վերադառնալ