24
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Արմենիա" առագաստանավի անձնակազմի անդամներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Արմենիա" առագաստանավի անձնակազմի անդամներին, ովքեր շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլը հաջող ավարտելով վերադարձել են Հայաստան:

Ողջունելով շուրջերկրյա նավարկության մեկնած առաջին հայկական առագաստանավի անձնակազմին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Դուք ամիսներ շարունակ Հայաստանի, Արցախի ու Հայ Առաքելական եկեղեցու դրոշների ներքո ծովերով, օվկիանոսներով նավարկել եք` այցելելով գաղթօջախներ հսկայական աշխատանք կատարել:

Մենք ծով չունեցող երկիր ենք, բայց ունենք բազմաթիվ զավակներ, ովքեր կարողանում են ծովերի, օվկիանոսների տարերքն իրենց կամքին ենթարկել: Մենք միշտ այդպիսին ենք եղել: Մենք ունենք մեծեր, ովքեր չլինելով Հայաստանում` պատմական, հայագիտական, աշխարհագրական մեծ արժեք ունեցող աշխատություններ են ստեղծել Հայաստանի մասին, չտեսնելով Արարատը կարողացել են այն հոյակապ ներկայացնել կտավի վրա, մեր լեռնաշխարհում ծնված մարդիկ կարողացել են հասնել ամենամեծ աստիճանների` նավատորմի հրամանատարներ, եւ այլն: Սա է եղել մեր ճակատագիրը:

Եվ դուք ձեր այս ամիսների աշխատանքով, իսկ դա, իրոք, աշխատանք է, ծառայություն, կարողացաք ապացուցել, որ այո, մենք այդպիսին ենք: Ես շատ շնորհակալ եմ: Իհարկե, ես պատկարեցնում եմ, թե ինչքան դժվար է սանձելով տարերքը նաեւ զուգահեռ աշխատել, գրել: Սա էլ չափազանց կարեւոր է: Մեկ անգամ եւս շնորհակալ եմ, եւ թող 2010թվականին ձեր, մեր բոլորի հաջողություններն ավելի մեծ լինեն":

"Արմենիա" առագաստանավի անձնակազմի անդամները Հանրապետության Նախագահին են հանձնել ճամփորդության ընթացքում նավի վրա ծածանված Եռագույնը:

"Մեսրոպ Մաշտոց" արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, "Արմենիա" առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանը Նախագահին պատմել են նավարկության ընթացքի, Սփյուռքի տարբեր գաղթօջախների կողմից ջերմ ընդունելության մասին: Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին նաեւ հետաքրքրաշարժ դրվագներ են ներկայացրել փոթորիկներով ու անակնկալներով հարուստ իրենց ճամփորդությունից:

← Վերադառնալ