08
12, 2009

Եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Լատվիայի Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Լատվիայի Նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Լատվիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը Հայաստանի Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Լատվիայի Նախագահի ու տիկին Լիլիտա Զատլերեի կտրվի պետական ճաշ:

Այցի շրջանակում Նախագահ Զատլերսը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Լատվիայի Նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:

Երեւանի պետական համալսարանում Նախագահ Զատլերսը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Երեւանի քաղաքապետարանում Լատվիայի Նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, կշրջի Երեւանի պատմության թանգարանում:

Հայաստան այցի օրերին Լատվիայի Նախագահը կլինի նաեւ Երեւանի կոնյակի գործարանում եւ Մատենադարանում:

Դեկտեմբերի 11-ին Լատվիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:

← Վերադառնալ