02
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին:

Երկրի ղեկավարը ողջունել է ժողովի մասնակիցներին եւ հաջողություն մաղթել Հայ առաքելական եկեղեցու բոլոր ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի ու հայության հոգեւոր կարիքների բավարարմանը:

Նախագահ Սարգսյանը խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` ասել է, որ դրանք հատկապես կարեւոր են ներկա պատմական փուլում եւ պետք է արվի ամեն ինչ, որ այդ հարաբերությունները մշտապես լինեն ներդաշնակ. "Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, եւ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձեւը դժվար է կիրառել կյանքում, որովհետեւ մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգեւոր մշակույթը եւ որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես` քաղաքական մշակույթը: Կարծում եմ, որ այսօր մենք մոտ ենք ոսկե միջինին, եւ դրա հիմքում նաեւ Վեհափառ Հայրապետի իմաստուն եւ սկզբունքային կեցվածքն է: Այս ասպարեզում իհարկե ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց ըստ էության մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել եւ խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները",- ասել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը մեծապես կարեւորել է հայ եկեղեցու աշխատանքը երեխաների հոգեւոր եւ գեղագիտական կրթության ու դաստիարակության գործում` մասնավորապես նշելով հայորդաց տների եւ եկեղեցու հովանու ներքո գործող նման կառույցների գործունեությունը: "Դրանց առաջին բարի պտուղները մենք տեսնում ենք արդեն այսօր, բայց իրական մեծ հունձքը տեսնելու ենք վաղը: Դա վաղվա Հայաստանի բարոյական եւ կրթական նկարագիրն է: Բարոյական Հայաստան` նշանակում է անպարտելի Հայաստան: Կիրթ Հայաստան` նշանակում է անպարտելի Հայաստան: Ահա ինչու սա ռազմավարական խնդիր է, եւ, կարծում եմ, որ այստեղ մեր եկեղեցին պետք է ավելացնի իր ջանքերը` իր թեւերի տակ առնելով ավելի ու ավելի շատ պատանիներ ու մանուկներ: Սա այն անդաստանն է, որտեղ ինչ էլ անենք, ինչքան էլ անենք, քիչ է, բավարար չէ"-նշել է Նախագահը:

Երկրի ղեկավարը ուրախալի է համարել փաստը, որ հետեւողականորեն վերանորոգվում եւ վերաօծվում են մեր խոնարհված եկեղեցիներն ու մատուռները, կառուցվում եւ օծվում են նորերը: Նախագահի խոսքով` դա հնարավորություն է ընձեռում նոր հունով տանելու թեմական ու համայնքային հոգեւոր կյանքը, ինչը մեր ներքին կյանքի եւ ինքնակազմակերպման կարեւոր բաղադրիչն է:

Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր հայ քաղաքական գործչի, առավե՛լ եւս` Հանրապետության Նախագահի համար բացառիկ կարեւոր է համարել Հայ Եկեղեցու գործունեությունը Սփյուռքում. "Դա հայությանը միավորող ամենահուսալի շաղախն է: Միասնական արմատների, միասնական նպատակների, ընդհանուր մարտահրավերների եւ մանավանդ ընդհանուր ապագայի մասին եկեղեցու պատգամն ու հորդորը նոր ոգի են հաղորդում արտերկրի մեր քույրերին ու եղբայրներին եւ կարող են թեւավորել նույնիսկ հուսահատվածներին: Ողջ հայության միասնական կեցվածքը ոչ միայն հոգեւոր, այլեւ քաղաքական մեծ կապիտալ է: Անթույլատրելի է այդ կապիտալը մսխել ոչ սկզբունքային հարցերի շուրջ ծագած վեճերում",-ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ խոսել է նաեւ հայ եկեղեցու` միջազգային խաղաղասիրական գործունեության եւ միջազգային էկումենիկ շարժմանը նրա եռանդուն մասնակցության մասին:

Հանրապետության ղեկավարն ասել է, որ չնայած կատարված մեծածավալ աշխատանքին, բազում անելիքներ դեռեւս առջեւում են. "Թե՛ առանձին-առանձին, թե՛ գործակցաբար մեր պետությունը եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ եւ Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետությամբ դեռ շատ ու շատ անելիք ունեն, որովհետեւ կատարելության ձգտումը սահմաններ չի ճանաչում":

Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Վեհափառ Հայրապետի գահակալության 10-ամյա ժամանակահատվածի մասին` նշելով, որ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը եղավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր գահակալ, դարձավ մեր երկրի ու եկեղեցու սրբազան ավանդույթների շարունակողն ու զարգացնողը` միաժամանակ իրեն դրսեւորելով որպես ժամանակակից գործիչ ու 21-րդ դարի մտածող: "Որպես կանոն, կաթողիկոսների վարքն ամենաճշգրիտ կերպով գնահատում է պատմությունը: Այսօր ես պարզապես իմ սրտի խոսքն եմ ուղղում Վեհափառ Հայրապետին եւ իմ երախտագիտությունը հայտնում նրան այն մեծ գործի համար, որ արվեց մեկ մարդու կողմից ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում: Վեհափա՛ռ Տեր, մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեության նորանոր տասնամյակներ: Հավատում եմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գավազանով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Դուք դեռ երկար ենք հովվելու Ձեր հոգեւոր հոտը: Հավատում եմ, որ վկան եք լինելու Հայաստանի եւ հայության նոր նվաճումների, որոնց ձեռքբերման մեջ լինելու է նաեւ Ձեր ծանրակշիռ ավանդը",-ասել է Նախագահը:

Երկրի ղեկավարը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւով` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Օգտվելով ընձեռված հնարավորութունից, ժողովի մասնակիցները Նախագահին են ուղղել արդի կարեւոր խնդիրների` մասնավորապես հայ-թուրքական երկխոսության, ստորագրված արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր:

Սերժ Սարգսյանը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ: Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը եւ առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաեւ լայն միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, եւ համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր:

Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Նախագահը մեկ անգամ եւս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որեւէ ձեւով միմյանց հետ չեն կապվում: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով եւ հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տեւական կայուն խաղաղություն ու զարգացում:

← Վերադառնալ