23
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրային:

Քննարկվել են ՀՄԿ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մաքսային բարեփոխումներին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս այցը կարեւոր խթան կլինի Հայաստանի` այլ երկրների մաքսային ծառայությունների հետ համագործակցությունն ընդլայնելու եւ մաքսային ոլորտում բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Սերժ Սարգսյանը Հայաստանի մաքսային համակարգի զարգացման եւ միջազգային չափանիշներին հնարավորինս արագ համապատասխանեցման անհրաժեշտությունը կարեւորել է հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու առումով: "Այս ոլորտում տեղաշարժ արդեն իսկ ունենք, սակայն դա դեռեւս կատարելիք մեծ աշխատանքի սկիզբն է: Մեր նպատակը բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մաքսային եկամուտների արդարացի եւ արդյունավետ հավաքագրումը: Այս գործում անչափ կարեւոր է մաքսային մարմինների աշխատանքի որակական բարելավումը, ինչի համար ակնկալում ենք նաեւ ձեր կազմակերպության աջակցությունը", -նշել է Նախագահը:

Կունիո Միկուրան ասել է, որ Հայաստանի մաքսային համակարգում առաջընթացն ակնհայտ է, եւ բարեփոխումները շարունակելու դեպքում հնարավոր կլինի մեծացնել առեւտրային ծավալները, խթանել ներդրումները, հետեւաբար` ավելացնել մաքսային եկամուտները: Նա պատրաստակամություն է հայտնել գործողությունների կոնկրետ ծրագրի միջոցով եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների ներգրավմամբ աջակցել Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումներին:

← Վերադառնալ