22
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Խուան Անտոնիո Մարկ Պուժոլը (նստավայրը` Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա պաշտոնավարման ընթացքում իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

"Հայաստանը եւ Իսպանիան դավանում են նույն արժեհամակարգին, ունեն մշակութային մեծ պատմությունը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում փոխգործակցության զարգացման համար",- ասել է Նախագահ Սարգսյանը:

Դեսպան Պուժոլի խոսքով` իր երկիրը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել գլոբալիզացվող աշխարհի անընդհատ փոխվող պահանջներին համապատասխան մակարդակի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը եւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Դեսպան Պուժոլը որպես հեռանկարային ոլորտ առանձնացրել է համալսարանական փոխգործակցությունը, որը կարող է հոգեւոր կամուրջ ստեղծել երիտասարդ սերնդի միջեւ:

Նախագահ Սարգսյանը եւ նորանշանակ դիվանագետն անդրադարձել են նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակում երկկողմ գործակցության հնարավորություններին: Դեսպանն ասել է, որ հաջորդ տարի Իսպանիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ