04
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը, որը Երեւանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին` նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երեւանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման եւ դրական ընտրական փորձի փոխանակման համար:

"Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը",- ասել է Սերժ Սարգսյանը` այդ գործում կարեւորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը: Սերժ Սարգսյանի խոսքով` խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ կայանան ընտրական գործընթացին մաս կազմող բոլոր համակարգերը:

Նախագահ Սարգսյանը պատվիրակության անդամներից հետաքրքրվել է ընտրական հանձնաժողովների` կուսակցական կամ մասնագիտական սկզբունքով կազմավորման միջազգային փորձի մասին, նրանց հետ խոսել համաժողովի ընթացքում քննարկվելիք խնդիրների եւ դրանց լուծման շուրջ ակնկալվող խորհրդատվությունների վերաբերյալ:

Ընկերակցության ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ ներգրավված են Հայաստանի հետ համագործակցությունում, նշել են, որ մեր երկրի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է եւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին:

← Վերադառնալ