06
07, 2009

Երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը:

Ողջունելով Կիպրոսի իր գործընկերոջը Հայաստանում, Նախագահ Սարգսյանն ասել է. "Մենք չափազանց երախտապարտ ենք Կիպրոսի ժողովրդին` այն վերաբերմունքի համար, որ մշտապես ցուցաբերել է հայերի նկատմամբ եւ հատկապես մեզ համար շատ ծանր պահին` Ցեղասպանությունից հետո, երբ բարեհոգաբար տրամադրեց իր հայրենիքը, որպեսզի հայերն այնտեղ հաստատվեն ու հետագայում շարունակեն ապրել":

Նշելով, որ ուրախ է Հայաստան այցելելու համար, Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը խոսել է կիպրահայ համայնքի մասին եւ ասել, որ նրանք հարստացնում են երկրի մշակութային խճանկարը: "Կիպրոսը բազմամշակութային երկիր է, կիպրահայերը դրա բաղկացուցիչ մասն են: Մենք ձգտում ենք, որ նրանք չկորցնեն իրենց ինքնատիպությունը",- ընդգծել է Նախագահ Խրիստոֆիասը:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` Նախագահների մասնակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն են քննարկվել Նախագահ Խրիստոֆիասի հետ, նաեւ կարծիքներ փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ, որոնցից շատերի վերաբերյալ կողմերն ունեն նմանատիպ դիրքորոշում:

Հայաստանի Նախագահի խոսքով` թեեւ հայ-կիպրական հարաբերություններն արդեն իսկ շատ լավ մակարդակի են, սակայն համագործակցության զարգացման ներուժն ավելիին հասնելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանի Նախագահը կարեւորել է հատկապես տնտեսության բնագավառում երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելը` նշելով, որ հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի սպասվող անդրանիկ նիստը կուղենշի համապատասխան քայլերը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերին եւ ասել, որ Հայաստանն այդ ձեւաչափում եւս ակնկալում է Կիպրոսի հետ արդյունավետ համագործակցություն:

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել կիպրացի գործընկերոջը` այդ երկրում հայ համայնքի հանդեպ լավ վերաբերմունքի, նաեւ` Հայաստանին դժվարին պահերին ցուցաբերված աջակցության համար: Անդրադառնալով երեքուկես հազար կիպրահայերի` տեղի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում ունեցած հաջողություններին, Նախագահ Սարգսյանն ասել է, որ դրան նպաստում է բարենպաստ միջավայրը, նաեւ հայերի` իրենց հանգրվանած երկրում տվյալ երկրի քաղաքացի զգալու հատկությունը, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք ինտեգրվել այդ հասարակությանն ու դրսեւորել իր կարողությունները:

Կիպրոսի Նախագահն ասել է, որ հայ-կիպրական հարաբերություններն այնքան ջերմ են, որ իր գլխավորած պատվիրակությունն այստեղ իրեն զգում է ինչպես տանը: Նա նշել է, որ Ցեղասպանությունից հետո Կիպրոսում ապաստանած հայերն իրենց ստեղծագործ եւ շինարար բնույթով մեծ ներդրում են ունեցել երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Դիմիտրիս Խրիստոֆիասը նաեւ վերահաստատել է Կիպրոսի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ԵՄ կառուցներում եւ ԵՄ-ի տարածաշրջանային համագործակցության ծրագրերում: "Միգուցե իմ խոսքը վերամբարձ հնչի, բայց Հայաստանը կարող է Կիպրոսին դիտել որպես Եվրամիությունում իր դեսպանորդը",- ընդգծել է Նախագահ Խրիստոֆիասը:

← Վերադառնալ