06
07, 2009

Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության Նախագահների համատեղ հայտարարությունը

album picture
album picture
album picture
2009թ. հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացավ Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

Ժողովուրդների ամուր պատմական կապերի եւ ընդհանուր մշակութային արժեքների վրա խարսխված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները հաստատուն հիմք են ստեղծում բազմակողմանի համագործակցության զարգացման համար` ի շահ երկու բարեկամական պետությունների եւ Եվրոպայում խաղաղության ու բարգավաճման:

Պետությունների ղեկավարները փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում քննարկեցին հայ-կիպրական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:

Կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը` ի նպաստ տարբեր բնագավառներում փոխադարձ շահավետ նախաձեռնությունների եւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերման: Պատրաստակամություն հայտնեցին նպաստել գործարարների միջեւ կապերի հաստատմանը, փոխադարձ այցելություններին եւ գործարար համաժողովների կազմակերպմանը: Նշվեց նաեւ փորձի փոխանակումը զբոսաշրջության, ծառայությունների, բանկային համակարգի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման բնագավառներում: Բացի այդ, նրանք համաձայնեցին խթանել հարաբերությունները մշակույթի, գիտության եւ հաղորդակցության ոլորտներում:

Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ իրավական դաշտի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Նախագահներն արտահայտեցին իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին եւ նշեցին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, ներառյալ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Կիպրոսի խնդրի համապարփակ, արդարացի, տեւական եւ համաձայնեցված` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Եվրոպական Միության հիմքում ընկած սկզբունքների վրա հիմնված կարգավորմանն ուղղված ներկայում ընթացող բանակցությունները:

Կողմերն ընդգծեցին հարեւան պետությունների միջեւ առանց նախապայմանների եւ միմյանց հանդեպ հարգանքի ու փոխըմբռնման հիմքի վրա բնականոն հարաբերությունների հաստատման ու զարգացման անհրաժեշտությունը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության նախաձեռնությունների, այդ թվում` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ընդգծելով տեղաշարժի ազատության կարեւորությունն արդի աշխարհում, կողմերը համաձայնեցին աջակցել արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, որպես Արեւելյան գործընկերության հիմնական բաղադրիչի:

Կիպրոսի Հանրապետությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ երկխոսության հետագա զարգացմանը` ի շահ բոլոր կողմերի:

Կողմերը նաեւ համաձայնեցին ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ պատշաճ կերպով հաշվի առնել միմյանց տեսակետները:

Կողմերը նաեւ ընդգծեցին Եվրոպայում անվտանգության եւ կայունության պահպանմանն ուղղված երկկողմ եւ բազմակողմ համագործակցության կարեւորությունը, ընդհանուր ու անբաժանելի անվտանգության նոր ու արդյունավետ մեխանիզմների քննարկումը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում:

Գոհունակություն հայտնելով կայացած կառուցողական բանակցությունների արդյունքների վերաբերյալ` Նախագահներն առաջիկայում գործնական քայլեր կձեռնարկեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

← Վերադառնալ