03
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առեւտրային գործընկերն է եւ խոշոր ներդրողներից մեկը:

Դեսպան Անդրեա Վիկտորինը եւս հայ-գերմանական համագործակցությունը հաջողված է համարել: Նա կարեւորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա:

Կողմերը գոհացուցիչ են համարել նաեւ անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին` հետագա աշխատանքային գործունեության մեջ:

← Վերադառնալ