26
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Պանդեյի անձնական ներդրումը երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-հնդկական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առեւտրաշրջանառության աճող տեմպերը, որոնք այս տարվա ընթացքում կրկնապատկվել են: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը` հնդկահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

Դեսպան Պանդեյն ասել է, որ հետադարձ հայացք նետելով անցած երեք ու կես տարվա աշխատանքին, գոհունակություն է զգում, քանի որ արդեն իսկ նկատելի են դրա արդյունքները: Այդ առումով նա կարեւորել է Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրելու մասին ծրագիրը: Դիվանագետը նաեւ նշել է, որ իր երկրի կառավարությունն արձագանքել է Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրին եւ Լոռու մարզի գյուղական համայնքներից մեկում իրականացնում է լուրջ նախագծեր, ինչը համահունչ է մարզերի զարգացման Նախագահ Սարգսյանի ռազմավարությանը:

Կողմերն ընդգծել են նաեւ միջազգային տարբեր ատյաններում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Րինա Պանդեյն ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հնդկաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը: Նախագահ Սարգսյանն իր հերթին ողջունել է Հնդկաստանի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:

Երկրի ղեկավարը տիկին Րինա Պանդեյին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ, եւ վստահություն հայտնել, որ նա կշարունակի իր բարեկամական կապերը Հայաստանի հետ եւ մշտապես կմնա մեր երկրի լավ բարեկամը:

← Վերադառնալ