12
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին:

Ընդգծելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, Նախագահ Սարգսյանն ասել է. "Ռուսաստանին մենք համարում ենք մեր ամենահուսալի դաշնակիցը եւ երկկողմ կապերի հետագա ամրացմանը տալիս ենք առաջնահերթ նշանակություն": Այդ առումով, ըստ Նախագահի, տրանսպորտն ընդհանրապես, եւ երկաթուղային տրանսպորտը մասնավորապես, էական դեր ունեն:

Վլադիմիր Յակունինը Նախագահ Սարգսյանին է փոխանցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները` նշելով, որ Հայաստան այցի նախօրեին հանդիպել է նրա հետ:

"Ռուսական երկաթուղիներ" ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին` երկրի տնտեսության համար երկաթուղու կարեւորութունն ըստ պատշաճի գնահատելու եւ ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել են Հարավկովկասյան երկաթգիծի ղեկավարությունը եւ հայ գործարարները: "Ռուսական երկաթուղիներ" ընկերության նախագահ խոսքով` ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է Հարավկովկասյան երկաթգծում, ինչպես նաեւ Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է: Բացի այդ, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին:

Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը, զարգացման հեռանկարը, կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաեւ ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձեւավորելու հետ կապված ծրագրերին:

Վլադիմիր Յակունինին ասել է, որ վերջին շրջանում իրականացված աշխատանքը ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: "Ռուսական երկաթուղիներ" ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն:

← Վերադառնալ