30
05, 2009

Աշխատանքային խորհրդակցություն` ընդունելության քննությունների կազմակերպման վերաբերյալ

album picture
album picture
Ընդունելության քննությունների կազմակերպման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ մարզպետների եւ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընդունելության քննությունները պատշաճ եւ բարձր մակարդակով կազմակերպելու կարեւորությունը, եւ ասել, որ այդ գործընթացում տարեցտարի գրանցվող առաջընթացը նաեւ նման խորհրդակցությունների արդյունք է:

Ձեւակերպելով այս տարվա քննական գործընթացից իր հիմնական ակնկալիքը` երկրի ղեկավարն ասել է. ընդունելության գործընթացն իր կազմակերպչական մակարդակով պետք է ավելի լավը լինի, քան նախորդ տարվանն էր, "քննությունների արդյունքում բուհեր պետք է ընդունվեն իրականում լավագույն եւ արժանի դիմորդները, գործընթացից պետք է դուրս գանք դասեր քաղած եւ հաջորդ տարվա համար պետք է առաջարկել ընդունելության էլ ավելի կատարելագործված մեխանիզմներ":

Սերժ Սարգսյանն քննական գործընթացում առանձնացրել է երեք կողմ` կառավարությունը` ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, մարզպետարանները եւ վերահսկող մարմինները:

Նախագահն ասել է, որ կրթության եւ գիտության նախարարությունից ակնկալում է քննական գործընթացը կազմակերպել ընդունելության կանոնակարգի եւ ընդունելության քննությունների ընթացակարգի տառին համապատասխան, իր լիազորությունների շրջանակում վերահսկել այդ գործընթացն, ինչպես նաեւ ապահովել միասնական-ավարտական քննական գործընթացի թափանցիկությունը եւ տեղեկատվության մատչելիությունը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ մարզպետներից ակնկալում է կազմակերպչական, այդ թվում նաեւ` տեխնիկական աջակցություն քննական կենտրոններին, քննական կենտրոնների շուրջը հանգիստ, հանդարտ մթնոլորտի ապահովում, ինչպես նաեւ քննական գործընթացին որեւէ միջամտության, այդ թվում նաեւ` անձնական բացառում:

Երկրի ղեկավարը կրթության եւ գիտության նախարարից պահանջել է հաստատակամություն եւ սկզբունքայնություն: Նա նաեւ հանձնարարել է համապատասխան մարմիններին մշտական վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ:

Մարզպետները եւ կրթության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են, որ կազմակերպչական եւ նախապատրաստական բոլոր խնդիրները լուծված են եւ համակարգը պատրաստ է քննական գործընթացին:

← Վերադառնալ