21
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը: Սա Խորվաթիայի Նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր:

Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացումը:

Մայիսի 22-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր: Հայաստանի եւ Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Խորվաթիայի Նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում:

Երեւանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաեւ Մատենադարանում:

Մայիսի 23-ին Նախագահը Մեսիչը կմեկնի Հայաստանից:

← Վերադառնալ