18
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն հյուրընկալել է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին:

Նախագահ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը եւ անգնահատելի համարել նրա ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայացած “Հայաստան” համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ եւս վերահաստատել են, որ Հայաստանը Սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց` բոլորովին այլ:

Մեծանուն երգիչն ասել է, որ այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որի համար պահանջվեց 21 տարի եւ խիստ տպավորված է:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին:

Ի դեպ, Երեւանում կառուցվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որտեղ օրերս եղել է Նախագահ Սերժ Սարգսյանը` տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը:

← Վերադառնալ