18
05, 2009

Տեղի է ունեցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը

album picture
album picture
album picture
Այսօր տեղի է ունեցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչեւ օրակարգին անցնելը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի ծրագրերին աջակցություն ցուցաբերած եւ մեկ միլիոն ու ավելի ԱՄՆ դոլար նվիրաբերած գործարարներ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Կարապետյանին, Գենադի Ստեփանյանին, Էդիկ Խաչատրյանին, “ՎիվաՍել” եւ “Հայռուսգազարդ” ընկերություններին շնորհվել է Հիմնադրամի պատվո անդամի վկայագիր:

“Ղարաբաղ տելեկոմը”, որը Հիմնադրամին ցուցաբերել է 500.000 ԱՄՆ դոլարի աջակցություն, ստացել է բարերար անդամի վկայագիր:

Հիմնադրամին 250.000-ից մինչեւ 500.000 ԱՄՆ դոլար նվիրաբերած գործարարներ Միքայել Բաղդասարովին եւ Սամվել Ալեքսանյանին շնորհվել է աջակից անդամի վկայագիր:

Օրակարգի առաջին կետով փոփոխություն է կատարվել Հիմնադրամի կանոնադրության մեջ եւ հիմնվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն` ընդգրկելով նրան նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում: Այդ պաշտոնում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ նորաստեղծ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնը: Ի պաշտոնե խորհդում հաստատվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հիմնադրամի խորհրդի կազմն ընդլայնվել է` ընդգրկելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ դա արդարացված է` հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանում է ամենամեծ հայկական գաղթօջախը: Որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ` “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է բարերար, հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը: Որոշվել է նաեւ նրան ընդգրկել հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում:

Բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը բազմազբաղության պատճառով դուրս է եկել հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմից: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Որոշվել է Լուիզ Սիմոն Մանուկյանին շնորհել Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում:

Հոգաբարձուների խորհուրդը Արա Վարդանյանին հաստատել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում:

Նիստի վերջում նշելով, որ “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը ներառում է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին եւ խոշորագույն հայկական համայնքների ներկայացուցիչներին, Նախագահ Սարգսյանն ասել է. “Այդուհանդերձ մեր նիստերը հիմնականում սահմանափակվել են Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի քննարկմամբ: Ես որոշել եմ այսուհետ օգտագործել հոգաբարձուների խորհրդի նիստի առիթը` Ձեզ ներկայացնելու համահայկական նշանակության խնդիրների առկա զարգացումները”: Այնուհետեւ Հանրապետության ղեկավարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

← Վերադառնալ