16
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներին, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, ՍԾՏՀ կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Հայաստանը 2008թ. նոյեմբերի 1-ից վեց ամիս ժամկետով նախագահում է ՍԾՏՀ-ում:

Ողջունելով հյուրերին, Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ամրապնդմանը:

Նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին, Նախագահ Սարգսյանը տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումը դիտել է շատ էական հանգամանք: Նա ասել է, որ Հայաստանն իր նախագահության ընթացքում կազմակերպել է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են եղել ՍԾՏՀ առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ վերաբերել են այնպիսի կարեւոր ոլորտների, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունը, էներգետիկան, մանր ու միջին բիզնեսը: "Հայաստանը կարեւորում է Կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացումը եւ իր նախագահության վեց ամիսների ընթացքում բոլոր գործողությունները կառուցել է հենց այս տեսանկյունից",- ընդգծել է երկրի ղեկավարը:

ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը ՍԾՏՀ-ում մեր երկրի նախագահության ընթացքում կատարված աշխատանքը համարել է գերազանց եւ նշել, որ Հայաստանն այս ընթացքում խթանել է Կազմակերպության համար բազմաթիվ կարեւոր խնդիրների քննարկումն ու առաջ մղումը: Անդրադառնալով արտգործնախարարների երեւանյան նիստի ընթացքում քննարկված հարցերին, նա կարեւորել է այն հանգամանքը, որ բոլոր որոշումներն ընդունվել են կոնսենսուսով, ինչը վկայում է արդյունավետ աշխատանքի մասին:

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները եւս Հայաստանի նախագահության շրջանը համարել են արդյունավետ եւ շատ հաջողված:

Հանդիպման մասնակիցներն անդրադառնալով քննարկված խնդիրներին, նշել են, որ մեծ ուշադրություն է հատկացվել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման հետ կապված տարածաշրջանում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի իրականացմանը, տարածաշրջանային համագործակցությանը, կարեւորվել են անվտանգության եւ խաղաղության խնդիրները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի մշտական ցանկությունն է նորմալ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ եւ ինքն այն կարծիքին է, որ ցանկացած, այդ թվում` ամենադժվարին հարցերը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով, քննարկումների ու բանակցությունների միջոցով` ի շահ պետությունների ու ժողովուրդների: Ամփոփելով խոսքը երկրի ղեկավարն առաջարկել է "Խաղաղություն համագործակցության համար" եւ "Համագործակցություն խաղաղության համար" բանաձեւը:

← Վերադառնալ