18
03, 2009

Տեղի է ունեցել նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. փետրվարի 27-ի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է Արագածոտնի մարզի, Ավագ Գաբրիելյանը եւ Սերոբ Մանուկյանը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը: Ստանձնելով պաշտոնը, նրանք երդվել են "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը":

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին, նախագահ Սարգսյանն ասել է. “Այսօր ձեզ համար եւ պատասխանատու, եւ հանդիսավոր օր է: Դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվեցիք ծառայել արդարությանն ու արդարադատությանը: Մի առիթով ես ասել եմ, որ մեր հասարակության մեջ ամենամեծ դժգոհությունը անարդարությունից է, իսկ ամենամեծ պահանջն արդարությունն է: Դա եղել է, կա եւ այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարանում: Դուք դատավորի պաշտոնը ստանձնում եք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ տեսանելի եւ անտեսանելի հազարավոր թելերով կապված եմ միմյանց հետ, որտեղ գրեթե բոլորը ծանոթ-բարեկամներ են, եւ որտեղ, ցավոք սրտի, շատ պարագաներում ընդունված չէ ծանոթ-բարեկամին մերժելը: Այդ պայմաններում դուք պետք է լինեք անաչառ, լայնախոհ եւ արդարամիտ”:

Երկրի ղեկավարը կարեւորել է հավատարմությունը տրված երդմանը եւ հաջողություն մաղթել նորանշանակ դատավորներին:

← Վերադառնալ