23
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Քիլաղպյանին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր, ծայրագույն վարդապետ հայր Եղիա Քիլաղպյանին եւ Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն հայր Սերոբ Չամուրլյանին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Մխիթարյան միաբանության պատմական դերակատարությունը եւ նշել, որ այն եղել եւ մնում է հոգեւոր-մշակութային կարեւոր կենտրոն: "Մեր ուժը մեր բազմազանության մեջ է",-ընդգծել է երկրի ղեկավարը եւ ասել, որ Հայաստանը որպես պետություն պարտավոր է հետաքրքրվել Միաբանության գործերով, հնարավորինս օժանդակել առկա խնդիրների լուծմանը:

Նշելով, որ իրենց փափագն է շարունակել 300-ամյա ծառայությունը եւ հայրենանվեր գործունեությունը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր հայր Եղիա Քիլաղպյանն ասել է, որ յուրաքանչյուր օտարերկրացու այց Սուրբ Ղազար կղզի առաջին հերթին հանդիպում է հայ մշակույթի հետ:

Մխիթարյանները Հանրապետության նախագահի հետ խոսել են իրենց մտահոգությունների, մասնավորապես, Միաբանության համալրման խնդրի եւ ապագա ծրագրերի մասին: Անդրադարձ է եղել նաեւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանին, Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի գործունեությանը, համատեղ կրթական, մշակութային ձեռնարկների իրականացմանը:

Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ պետությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում օժանդակել Մխիթարյան միաբանության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ