05
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության առնչությամբ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ:

Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, Հանրապետության Նախագահը նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ եւ տեղյակ է դեպքի քննության ընթացքին: Նախագահ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների եւ առաջ քաշված վարկածների վերաբերյալ: Հանրապետության Նախագահը նշել է, որ "ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց` ցավ, վրդովմունք, վիրավորանք: Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի` ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ: Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին եւ սա էլ մենք պետք է գիտակցենք: Պետք է գիտակցենք եւ համարժեք պատասխան տանք: Մեր գործողությունները պետք է բխեն նաեւ այս հանգամանքից":

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ դեպքի առթիվ ստեղծված քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը Հանրապետության Նախագահին զեկուցել են դեպքի մանրամասները եւ այդ առնչությամբ տարվող քննության հիմնական ուղղությունները: Հանրապետության Նախագահը հանձնարարել է պարբերաբար զեկուցել քննության արդյունքերի մասին եւ ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

← Վերադառնալ