28
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զրույցի սկզբում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի անդամները շնորհավորել են երկրի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին` Հայաստանի տղամարդկանց հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ:

Հանրապետության նախագահն ասել է, որ, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավար, իրեն, ընդհանուր առմամբ, գոհացնում է Կազմակերպության շրջանակում փոխգործակցության մակարդակը:

ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական եւ ռազմական-տեխնիկական փոխգործակցությունը, հավաքական անվտանգության ռազմական բաղադրիչի ամրապնդումը, երկրի ղեկավարը կարեւորել է առկա ներուժի ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործումը: Ըստ Սերժ Սարգսյանի, Կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է ջանքերի լուրջ համատեղում եւ փոխգործակցության մակարդակի բարձրացում:

Նախագահն ասել է, որ այս խնդիրները մտադիր է քննարկել նաեւ գործընկերների հետ` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի դեկտեմբերին նախատեսվող նստաշրջանում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցելով երեւանյան նիստի օրակարգային հարցերի մասին, նշել է, որ համատեղ աշխատանքի հիմնական բովանդակությունը եղել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման եւ զարգացման ուղիների ու մեխանիզմների քննարկումը:

← Վերադառնալ