30
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “Ernst and Young “ ընկերության ղեկավարությանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` “Ernst and Young “ ընկերության պատվիրակությանը` տնօրենների խորհրդի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Թյորլիի գլխավորությամբ:

Ընկերությունն արդեն շուրջ տասը տարի աշխատում է հայկական շուկայում եւ մտադիր է ընդլայնել գործունեությունը` Երեւանում բացելով իր գրասենյակը:

Հանրապետության նախագահը ողջունել է Հայաստանում իր աշխատանքներն ակտիվացնելու “Ernst and Young” -ի նախաձեռնությունը` նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը, դերը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկերի, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ այս բնագավառները Հայաստանում դեռեւս բավարար չափով զարգացած չեն: Կառավարությունը վերջին տարիներին ձեռնամուխ է եղել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտների լայնածավալ բարեփոխումներին եւ ունի օգնության կարիք:

Նշելով, որ Հայաստանում գործում են մասնագիտացված աուդիտորական ծառայություններ մատուցող միջազգային ճանաչում ունեցող այլ ընկերություններ եւս, երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ակտիվ գործունեությունը կնպաստի այս ոլորտների զարգացմանը, մասնավորապես` մրցակցության միջավայրի ստեղծմանը, միջազգային փորձի տարածմանը եւ գործող տեղական կազմակերպությունների աշխատանքի որակի բարձրացմանը:

“Ernst and Young” ընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Թյորլին Հայաստանում գործունեությունն ընդլայնելու որոշումը պայմանավորել է երկրի տնտեսության եւ շուկայի աճով, միջազգային ինտեգրման խորացմամբ: Նա նշել է, որ պատրաստ են իրենց կողմից տրամադրվող ծառայությունների լայն համալիրի շրջանակում աջակցություն ցուցաբերել Հայաստանի աճող բիզնես-հանրությանը:

← Վերադառնալ