Մամուլի հաղորդագրություններ
Տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր Օշականում տեղի է ունեցել Հայատառ գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների նախապատրաստող պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը չափազանց կարեւոր է համարել, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունենում խորհրդանշական վայրում` Օշականում, եւ խորհրդանշական է նաեւ օրն` այսօր Թարգմանչաց տոնն է: Նշելով, որ աշխարհում քիչ են այն ժողովուրդներն, որոնք այսպիսի մեծ նշանակություն են տվել թարգմանիչներին եւ, թարգմանությանն ընդհանրապես, Հանրապետության ղեկավարն ասել է. “Սա մեկ անգամ եւս ընդգծում է մեր ժողովրդի ցանկությունը` ճանաչել շրջապատող աշխարհը, հաղորդակից լինել ուրիշների արժեքներին ու ձեռքբերումներին, եւ, ինչո±ւ չէ, նաեւ` ի տես դնել իր ունեցածը:
Գաղտնիք չէ, որ մեզանում գրքի նկատմամբ շատ խորը հարգանք է եղել, եւ նույնիսկ, ինչ-որ տեղ, վեր է ածվել պաշտանմունքի: Բայց, ես անցյալ ժամանակով խոսեցի, քանի որ վիճակն այսօր այդպիսին չէ: Օգտագործելով գրատպության հիմնադրման 500-ամյակի առիթը, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի, եւ առաջին հերթին երիտասարդության մեջ, նորից վերածնել գրքի նկատմամբ պաշտանմունքը:
Վստահ եմ, որ ներկա գտնվողներից շատերը կհիշեն, որ ժամանակին մեզանից շատ-շատերն իրենց վերջին կոպեկները ծախսում էին գիրք գնելու, եւ ընդ որում, պահանջված գիրք գնելու համար: Կարծում եմ, այսօր խնդիրը ոչ միայն նրա մեջ է, որ շատ մարդիկ գրքի համար վճարելու հնարավորություն ուղղակի չունեն, այլեւ`որ քիչ են պահանջված գրքերը: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է անպայման խրախուսենք թարգմանությունը, պետք է կարողանանք ավելի շատ միջոցներ ու ժամանակ հատկացնել այդ գործին: Անշուշտ, պետք է կարողանանք նաեւ ավելի շատ միջոցներ հատկացնել ստեղծագործությունները տպագրելու, գիրքը վերականգնելու, մեր այս առավելությունն նորից առավելություն դարձնելու գործին: Չնայած այս խնդիրը համընդհանուր է, բայց վստահ եմ, գրքի նկատմամբ սերը եւ պահանջարկը պետք է մեծանա: Այս խնդիրը մենք պետք է կապենք մեր մշտական գաղափարի հետ, այն է` գիտելիքը մեզ համար պետք է լինի կարեւորագույն արժեք եւ պետք է հանդիսանա բարեկացիկ ապրելու աղբյուրը: Բայց, գիտելիքը սոսկ մասնագիտական ունակությունները չեն, գիտելիքը նաեւ մեր ազգային արժեքներն իմանալն է, գիտելիքի վրա մեր հոգեւոր արժեքների կնիքը պետք է լինի:
Մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ, նախկին մեթոդների հետ մեկտեղ պետք է կարողանանք ժամանակակից ձեւերն օգտագործել, որպեսզի գիրքը դառնա մեր կենցաղի կարեւոր բաղկացուցիչ մասը: Այս տոնակատարությունների ընթացքում պետք է ձգտենք սրան, եւ նպատակներից մեկը հենց սա պետք է լինի: Օգտագործելով այս մեծ տոնը, պետք է կարողանանք աշխարհին մեզ ավելի ճանաչելի դարձնել, պետք է կարողանանք այս անձնագրով պատշաճ ներկայանալ եւ ասել. այո´, մենք ունենք հազարամյակների պատություն ունեցող գիր, գրականություն, ունենք հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող տպագրություն եւ սա արդեն մեր մասին ինչ-որ բան ասում է:
Մինչեւ 2012 թվականն ընկած չորս տարիները պետք է օգտագործենք շատ արդյունավետ: Սա նաեւ այսօրվա մեր պետության վերաբերմունքը պետք է լինի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պետության բացակայության պայմաններում կարողացել են այսպիսի հաջողությունների հասնել”:
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդն իր խոսքում, մասնավորապես, նշել է. “հայերեն տպագրության հոբելյանը հրավեր եւ խրախույս է աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին` հավատարիմ մնալ մեր նախնյաց ոգուն, ճանաչել ու կարեւորել նրանց ավանդած ժառանգությունը, նպատակն ու ձգտումը, որով այն ստեղծվել է, պահպանում է մեզ կենսունակ ու առաջնորդում դեպի հավիտենություն: Հայերեն տպագրության հոբելյանը կոչ է` զորացնելու ընթերցասիրությունը, բազմապատկելու հայ գրքի տպագրությունը, որը երախտագիտության յուրօրինակ տուրք լինելով մեր մեծանուն գործիչներին, հայ գրքի երախտավորներին, պիտի ծառայի մեր ազգային կյանքի առաջընթացին, մեր մշակույթի հարստացմանը”:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են հոբելյանը արժանի շուքով նշելու վերաբերյալ իրենց առաջարկությունները: Նրանք միակարծիք են եղել, որ հայ գրքի տպագրության 500-ամյակը պետք է վերածվի, իսկապես, համազգային տոնի, գրքի, գրի, գրականության ու գիտելիքի հաղթարշավի, առիթը պետք է լավագույնս օգտագործվի` Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար: Նախագահը կարեւորել է հրապարակային աշխատանքը, յուրաքանչյուրի կարծիքն ու առաջարկությունը լսելը:
Սերժ Սարգսյանը հանձնարարել է հնչած առաջարկություններն ամփոփել եւ ընդհանրացված ձեւով ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը:
Նիստի ավարտից հետո Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: