20
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մի խումբ գիտնականների

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու եւ մեծ գիտնականի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար, Հանրապետության նախագահն ասել է. "Վիկտոր Համբարձումյանը, հիրավի, հայ ժողովրդի ամենատաղանդավոր զավակներից մեկն է, եւ մեր ժողովուրդը խորը հարգանք ունի նրա հիշատակի նկատմամբ` դրա համար ունենալով առնվազն չորսը հիմնավոր պատճառ. Վիկտոր Համբարձումյանն աշխարհահռչակ գիտնական էր, գիտության մեծ կազմակերպիչ` նրա Հայաստան գալուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայում մեծ վերելք ապրեցին ճշգրիտ գիտությունները: Մեծ գիտնականի շնորհիվ հայ ժողովուրդն աշխարհում շատ ավելի ճանաչելի դարձավ: Վիկտոր Համբարձումյանը մեծ հումանիստ էր, ընդունելով համամարդկային արժեքները, նա շատ մոտ էր մեր ժողովրդի ցավերին, եւ երկրի համար ծանր օրերին կարողացավ իր հեղինակությամբ, հարգանքով նպաստել շատ ու շատ խնդիրների լուծման":

Երկրի ղեկավարի խոսքով, Հայաստանում մշտապես հիշելու են հայ ժողովրդի մեծագույն զավակին, իսկ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի այդ գործընթացը լինի հաստատուն: "ՙՇարունակելու ենք հավերժացնել Վիկտոր Համբարձումյանի հիշատակը",- ասել է Սերժ Սարգսյանն` ընդգծելով, որ այն առաջին հերթին անհրաժեշտ է երիտասարդ սերնդին:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանում գիտության ներկա վիճակին` նշելով, որ պետության հնարավորությունների մեծացմանը զուգընթաց, ավելանում է ուշադրությունը գիտության նկատմամբ: "ՙՁգտում ենք զարգացնել այն ուղղությունները, որոնք Հայաստանում ավանդական են, եւ այսօր էլ կարող են արդյունքներ տալ: Փորձում ենք ստեղծել փոքր գիտական կենտրոններ, քաջալերել երիտասարդությանը` զբաղվել գիտությամբ":

ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից եւ այլ երկրներից ժամանած ճանաչված գիտնականներն` ըստ արժանվույն գնահատելով Վիկտոր Համբարձումյանի գիտական դերն ու վաստակը, մարդկային արժանիքները, նշել են, որ նա ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային գիտության բացառիկ անհատականություններից է, երկար տարիներ ղեկավարել է Գիտնականների միջազգային միությունը: Նրանք կարեւորել են գիտական գործունեության ոլորտում համագործակցության շարունակումը եւ վստահություն հայտնել, որ նախագահ Սարգսյանի գիտության նկատմամբ վերաբերմունքն, անկասկած, կտա իր արդյունքը, եւ Հայաստանն աշխահին կներկայանա նորանոր փայլուն անուններով:

← Վերադառնալ