05
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը կստանձնի Կազմակերպության նախագահությունը:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նեղ շրջանակով հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումների եւ հավաքական անվտանգությանը նկատմամբ առաջացած մարտահրավերների ու վտանգների չեզոքացման միջոցների մասին, ինչպես նաեւ կանդրադառնան ՀԱՊԿ խորհրդի նախորդ նստաշրջանների որոշումների կատարման ընթացքին:

Լիագումար նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի գործունեության առաջնային ուղղությունները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան:

Նույն օրը ուշ երեկոյան Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

← Վերադառնալ