28
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Խուն Ցզիուինին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Խուն Ցզիուինին:

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Ըստ Սերժ Սարգսյանի, Չինաստանն ու չին ժողովուրդն արել էին հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինչպես մարզիկներն, այնպես էլ հարյուր հազարավոր երկրպագուները հիացած մնան 29-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական բարձր մակարդակից: Նախագահը հատկապես տպավորիչ է համարել չին ժողովրդի հյուրընկալությունն, ուշադրությունն ու յուրաքանչյուրին աջակցելու պատրաստակամությունը:

Երկրի ղեկավարն ընդգծելով պեկինյան օլիմպիադայում հայ մարզիկների փայլուն ելույթը, կարեւորել է սպորտի նկատմամբ ուշադրությունը եւ նշել, որ տնտեսության զարգացմանը զուգընթաց մեծանում են սպորտին ավելի ու ավելի շատ միջոցներ հատկացնելու հնարավորությունները:

Դեսպան Ցզիուինի խոսքով, մարզական այդ խոշոր ստուգատեսը մեծ տոն էր Չինաստանի համար, եւ կառավարությունն առավելագույն ջանքեր էր գործադրել այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զրուցակիցները խոսել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին եւ կարեւորել համագործակցության տեմպերի արագացումը: Դեսպանն ասել է, որ իր երկրի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությունը, եւ իրենք համոզված եմ, որ հայ-չինական հարաբերություններն ունեն մեծ ներուժ եւ մեծ ապագա:

← Վերադառնալ