06
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա Էմիրության թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա Էմիրության թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ եւ նշել, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել են տարբեր մակարդակի փոխայցելություններն ու համագործակցությունը:

«Հայաստանը միշտ էլ ձգտել է բարեկամական կապեր ունենալ արաբական աշխարհի, այդ թվում` Ծոցի երկրների հետ, եւ դա գալիս է պատմականորեն»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը շատ տպավորիչ է գնահատել այն հաջողությունները, որոնց հասել է Արաբական Միացյալ Էմիրությունները կարճ ժամանակահատվածում:

Շեշտելով երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալը, Նախագահը կարեւորել է հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Նրա խոսքով, այն փաստը, որ վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Էմիրությունների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է, վկայում է, որ երկու երկրների գործարարները սկսել են շատ ավելի ակտիվորեն աշխատել:

Թագաժառանգ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմին շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ Հայաստանում ցուցաբերվում է իր երկրի ընկերությունների նկատմամբ, եւ վստահություն է հայտնել, որ գործընկերությունն ու օժանդակությունը կշարունակվեն:

Ընդգծելով Հայաստանի հետ կապերը սերտացնելու պատրաստակամությունը, թագաժառանգն ասել է. «Մեր տեսլականը շատ հստակ է. ձգտում ենք ստեղծել բարեկեցություն, կայունություն ու տնտեսական աճի միջավայր, եւ դրան զուգահեռ համագործակցել այն երկրների հետ, որոնք ունեն նույն նպատակներն ու նույն առաքելությունն են իրականացնում»:

Զրուցակիցները խոսել են զբոսաշրջության, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` նշելով, որ այդ ձեռնարկները խոստումնալից հիմքերի վրա են եւ ընդլայնման լուրջ հեռանկարներ ունեն: Կարեւորելով օտարերկրյա ներդրումները, Սերժ Սարգսյանն ասել է, որ դրանք Հայաստանի համար ոչ միայն զուտ բիզնես են, այլեւ` աշխատանքի նոր փորձ, նոր որակ ու մշակույթ:

Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ կառավարությունն ըստ ամենայնի կաջակցի արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի իրականացմանը:

← Վերադառնալ