20
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանյան Դաշնության ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանյան Դաշնության ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւին: Նա Հայաստան է ժամանել երկու երկրների իրավապահ գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կայուն զարգացումը:

Երկրի ղեկավարը ողջունել է Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահների միջեւ ձեւավորված սերտ փոխգործակցությունը` այն համարելով երկկողմ հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ հանցավորության դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը համառոտակի ներկայացրել է կոլեգիայի համատեղ նիստում քննարկված թեմաների շրջանակը` ընդգծելով, որ դրանք խիստ հրատապ են: Մասնավորապես, անդրադարձ է եղել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերմանն ու ձերբակալման խնդրին, եւ նշվել, որ այդ ուղղությամբ նկատելի է համագործակցության արդյունավետության բարձրացում: Խոսվել է նաեւ ներքին վտանգները կանխարգելելու, միջտարածաշրջանային հանցագործությունների, հանցավորության տարբեր տեսակների դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին: Վստահություն հայտնելով, որ Հայաստանի նոր ոստիկանապետի հետ գործակցությունը հաջողությամբ կշարունակվի, Ռաշիդ Նուրղալիեւն ասել է, որ իրավապահ մարմինների համագործակցությունը գնալով ավելի ու ավելի գործնական է դառնում:

Սերժ Սարգսյանը աճող մարտահրավերիների պայմաններում հատկապես կարեւորել է օպերատիվ տեղեկատվության եւ փորձի փոխանակումը:

Նախագահը ներկա փուլում առաջնահերթ խնդիր է դիտել ոստիկանության աշխատանքի նկատմամբ հասարակական վստահությունն ու ընկալումը:

← Վերադառնալ