06
06, 2008

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ: Նախագահների հանդիպմանը նախորդել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարների մոտ մեկ ժամ տեւած հանդիպումը:

Հանդիպումը սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Հայկական կողմը կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպման արդյունքները: Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները եւ արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները: Նախագահները նաեւ ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում:

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում:

← Վերադառնալ