31
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության է անցկացրել միասնական քննությունների նախապատրաստական ընթաքի վերաբերյալ

album picture
Հունիսի 2-ից մեկնարկող միասնական քննությունների նախապատրաստական ընթաքն է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի փոխքաղաքապետը, Հանրապետության մարզպետները:

Նախագահն ասել է, որ նախորդ տարի միասնական ուժերով հնարավոր եղավ որոշակի բարելավում արձանագրել բուհական ընդունելության եւ ավարտական քննությունների կազմակերպման գործում:

Այս տարվա հնարավորությունները Սերժ Սարգսյանը շատ ավելի բարձր է գնահատել, քանի որ մինչ այս պահը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել: «Մեզանից պահանջվում է շատ պարզ մի բան. լինել սկզբունքային, օբյեկտիվ եւ հետեւողական: Բառերով արտահայտելն, իհարկե, շատ հեշտ է, իսկ իրականացնելը` բարդ, բայց պարտավոր ենք: Առանց այս խնդիրը լավագույնս լուծելու, մենք չենք կարող շարունակել բարեփոխումները եւ բուհում, եւ դպրոցում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է քննությունների անցկացման նախապատրաստական ամբողջ գործընթացը` նշելով, որ անցած տարվա փորձի հիման վրա կատարվել են որոշակի շտկումներ: Նա հավաստիացրել է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, այս պահի դրությամբ, ամբողջությամբ պատրաստ են միասնական քննական համակարգի կիրառմանը: Ըստ նախարարի, քննությունների ամբողջ ընթացքը լինելու է հրապարակային՝ տեսագրվելու է եւ յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունենալու հետեւել ընթացքին: Լեւոն Մկրտչյանն ասել է, որ բոլոր ընթացակարգերը ճշտված են, եւ դրանց անվերապահ հետեւելու դեպքում, քննությունների օբյեկտիվությունն ամբողջությամբ ապահովված կլինի, քանի որ կիրառվելիք մեխանիզմն այլ հնարավորություն չի թողնում:

Նախագահի խոսքով, որքան էլ կատարելագործված լինեն տեխնիկական միջոցներն, այնուամենայնիվ, ոչ պակաս կարեւոր է, թե պատասխանատուներից յուրաքանչյուրն ինչպիսի ճշտությամբ է կատարում իր պարտականությունները: «Սա սկիզբ է թե բուհի, եւ թե դպրոցի համար, եւ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ այն լավ սկիզբ եւ լավ հիմք դառնա»,- պահանջել է երկրի ղեկավարը:

← Վերադառնալ