30
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասը:

Դիվանագետն ասել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Լիտվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը` նպաստելու երկու երկրների գործակցության հետագա ընդլայնմանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին, ողջունել է մեր երկրում դեսպանատուն բացելու լիտվական կողմի քայլը, եւ նշել, որ Հայաստանը եւս նման մտադրություն ունի:

Նախագահը հայ-լիտվական փոխհարաբերությունները գնահատել է բարեկամական եւ գործընկերային: Ընդգծելով երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, նա անհրաժեշտ է համարել տնտեսական գործակցության խթանումը, որը դեռեւս ցածր մակարդակի վրա է, թեեւ ներուժը բավականին մեծ է եւ համապատասխան իրավական դաշտը ձեւավորված է:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ոչ միայն երկկողմ, այլեւ` բազմակողմ համագործակցության զարգացումը, այդ թվում նաեւ` եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում: Նշելով, որ Հայաստանի համար եվրոպական ուղղությունը գերակայություն է, Նախագահն ասել է, որ Բալթյան երկրները եվրաինտեգրման լուրջ փորձ են կուտակել, ինչը մեզ համար կարող է շատ օգտակար եւ ուսանելի լինել:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ լիտվական կողմի մշտական պատրաստակամությունը` խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

← Վերադառնալ