29
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին:

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմամբ եւ դրանք դիտարկում է տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական:

Ներկայացնելով Ամերիկայի հրեական կոմիտեն, դեսպան Ռոզենբլատը նշել է, որ այն հրեական համայնքի առանցքային կազմակերպություններից մեկն է, եւ առավելագույնս ներգրավված է միջազգային հարաբերությունների ոլորտում: Նա նաեւ ասել է, որ 1990-ական թվականներից սկսած իրենք բավականին քաջածանոթ են հարավկովկասյան տարածաշրջանին եւ ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում վերջին անգամ եղել են 1999թվականին:

Ամերիկայի հրեական կոմիտեի հետաքրքրությունը Հայաստանի եւ Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ Փիթեր Ռոզենբլատը պայմանավորել է Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ սերտ կապերով:

Զրուցակիցները հիմնականում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները եւ սահմանի բացման խնդիրը:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բնականոն հարաբերություններ կառուցել հարեւան երկրների հետ եւ պաշտոնական Երեւանը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու օգտին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Իսրայել փոխհարաբերությունների վերաբերյալ:

← Վերադառնալ